Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-06-14-ից մինչև 2009-01-20։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՄԲ ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ

Հոդված 49. Թմրամոլներին ցուցաբերվող բժշկական օգնությունը

գործել է մինչև 2009-01-20Բացել ARLIS-ում

Հոդված 49. Թմրամոլներին ցուցաբերվող բժշկական օգնությունը

1. Բժշկական օգնությունը թմրամոլներին ցուցաբերվում է սույն օրենքի 47-րդ հոդվածի առաջին մասի պահանջներին համապատասխան:

2. Մինչև 14 տարեկան անչափահասներին բժշկական օգնությունը ցուցաբերվում է նրանց օրինական ներկայացուցիչների դիմումով, իսկ 14-ից 18 տարեկան անչափահասներին` նրանց համաձայնությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

3. Բժշկական օգնությունը (կամավոր, պարտադիր և հարկադիր) ցուցաբերվում է դրա կարիքն ունեցող այն թմրամոլությամբ հիվանդին, որն առանց բժշկական նշանակման, կանոնավոր գործածում է թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր, ձեռք է բերել ֆիզիոլոգիական կամ հոգեբանական կախվածություն, բժշկական հետազոտման արդյունքում ստացել է «թմրամոլություն» ախտորոշումը, սակայն ի վիճակի է, թեկուզ ժամանակավորապես, ինքնուրույն հաղթահարել թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր օգտագործելու ֆիզիոլոգիական, հոգեբանական կախվածությունը:

4. Անհետաձգելի (պարտադիր, հարկադիր) բժշկական օգնությունը ցուցաբերվում է դրա կարիքն ունեցող թմրամոլությամբ հիվանդին, եթե նա առանց բժշկական նշանակման անընդհատ գործածում է թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր, ձեռք է բերել անդառնալի, ֆիզիոլոգիական կամ հոգեբանական կախվածություն, բժշկական հետազոտման արդյունքում ստացել է «թմրամոլություն» ախտորոշումը և ի վիճակի չէ, թեկուզ ժամանակավորապես, առանց բժշկական միջամտության հաղթահարել թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր օգտագործելու ֆիզիոլոգիական, հոգեբանական կախվածությունը:

5. Այն թմրամոլների նկատմամբ, որոնք գտնվում են բժշկական հետազոտության ներքո և առանց բժշկի նշանակման շարունակում են օգտագործել թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր, ինչպես նաև այն անձանց նկատմամբ, որոնք դատապարտվել են հանցագործություն կատարելու համար և կարիք ունեն բուժման, դատարանի որոշմամբ կարող են նշանակվել հարկադիր բուժման միջոցներ:

6. Թմրամոլությամբ հիվանդները բժշկական օգնություն ստանալիս օգտվում են հիվանդի իրավունքներից՝ քաղաքացիների առողջության պահպանման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

7. Պետությունը թմրամոլությամբ հիվանդներին երաշխավորում է կառավարության սահմանած կարգով անվճար բժշկական օգնության ցուցաբերում, որը ներառում է հետազոտում, խորհրդատվություն, ախտորոշում, բուժում և բժշկասոցիալական վերականգնում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։