Հոդված 3. Օրենքում օգտագործվող հասկացությունները
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր և դրանց պրեկուրսորներ (այսուհետ նաև՝ թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր)՝ բնական կամ արհեստական ծագում ունեցող նյութերի, պատրաստուկների և բույսերի ամբողջություն, որոնց շրջանառությունը և դրանց նկատմամբ հսկողությունը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) 1961 թվականի՝ թմրաբեր միջոցների մասին միասնական, 1971 թվականի՝ հոգեմետ նյութերի մասին և 1988 թվականի՝ թմրաբեր միջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին կոնվենցիաներին համապատասխան.
թմրամիջոցների և հոգեմետ նյութերի անալոգ (համանման)՝ սույն օրենքով սահմանված կարգով հաստատված թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների կազմում չընդգրկված նյութեր.
թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների օրինական շրջանառություն՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մշակում, արտադրություն, պատրաստում, վերամշակում, տեղափոխում, պահում, բացթողում, իրացում, ձեռքբերում, օգտագործում, առաքում, բաշխում, արտահանում, ներմուծում և ոչնչացում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.
թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառություն՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտումներով իրականացվող շրջանառություն (այսուհետ՝ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն).
թմրամոլություն՝ անձի հիվանդագին ֆիզիկական և (կամ) հոգեկան վիճակ՝ պայմանավորված թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի օգտագործմամբ.
թմրամոլությամբ հիվանդ՝ սույն օրենքով սահմանված կարգով անցկացված բժշկական հետազոտության արդյունքում «թմրամոլություն» ախտորոշում ստացած անձ.
թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի օգտագործում՝ թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի օգտագործում՝ առանց բժշկի նշանակման: