Հոդված 223. Բազմաբնակարան շենքի բնակարանի և ոչ բնակելի տարածքի նկատմամբ սեփականության իրավունքի առանձնահատկությունը
Հոդված 223. Բազմաբնակարան շենքի բնակարանի և ոչ բնակելի տարածքի նկատմամբ սեփականության իրավունքի առանձնահատկությունը
(հոդվածն ուժը կորցրել է 15.12.05 ՀՕ-238-Ն)
⚖Հոդված 224. Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի բնակարանների և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերի ընդհանուր գույքը
1. Բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են շենքը կրող կառուցվածքները, շենքի միջհարկային ծածկերը (առաստաղները, հատակները), նկուղը, ձեղնահարկը, տեխնիկական հարկերը, տանիքը, ինչպես նաև մեկից ավելի շինություններ սպասարկող և բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված մուտքերը, աստիճանավանդակները, աստիճանները, վերելակները, վերելակային և այլ հորերը, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական և այլ սարքավորումներն ու տարածքները, շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, որոնք չեն հանդիսանում այլ անձանց սեփականություն:
Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի ընդհանուր բաժնային սեփականության հողամասի նկատմամբ յուրաքանչյուր բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի սեփականատիրոջ բաժինը որոշվում է տվյալ սեփականատիրոջը պատկանող բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի մակերեսի հարաբերությամբ այդ շենքի բոլոր բնակարանների ու ոչ բնակելի տարածքների մակերեսներին և արտահայտվում է կոտորակով:
Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նկատմամբ յուրաքանչյուր բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի սեփականատիրոջ բաժինը հավասար է իրեն պատկանող՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասում բաժնին և արտահայտվում է կոտորակով:
Բնակարանի կամ ոչ բնակելի տարածքների սեփականատիրոջ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի բաժինները սահմանվում և գրանցվում են շենքի կառուցման ու սպասարկման համար նախատեսված հողամասի գրանցման հետ միասին և կարող են փոփոխվել միայն շենքի բոլոր սեփականատերերի համաձայնությամբ շենքում բնակարան կամ ոչ բնակելի տարածք ավելացնելու կամ պակասեցնելու կամ շենքի առկա բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների չափերը փոփոխելու դեպքում: Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքում բնակարան կամ ոչ բնակելի տարածք կամ առկա բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների չափերն ավելացնելու կամ պակասեցնելու կամ շենքի առկա բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների չափերը փոփոխելու՝ սեփականատիրոջ համաձայնությունը համարվում է նաև տվյալ սեփականատիրոջը պատկանող հողամասի և ընդհանուր գույքի չափի ավելացման կամ պակասեցման համաձայնություն:
Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքում բնակարան կամ ոչ բնակելի տարածք կամ առկա բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների չափերը չեն փոփոխվում շինարարական աշխատանքների ընթացքում շինարարական ոչ էական շեղումների հետևանքով բնակարանի կամ ոչ բնակելի տարածքների չափերի փոփոխությունների դեպքում:
2. Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի բնակարանի և (կամ) ոչ բնակելի տարածքի սեփականատերն իրավունք չունի ընդհանուր սեփականություն հանդիսացող հողամասից կամ գույքից առանձին օտարելու, գրավադրելու, օգտագործման հանձնելու բնակարանը և (կամ) ոչ բնակելի տարածքը կամ կատարելու բնակարանի և (կամ) ոչ բնակելի տարածքի նկատմամբ սեփականության իրավունքն առանձին այլ անձի հանձնելու այլ գործողություններ:
3. Բազմաբնակարան շենքերի բնակարանների և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերի վրա չեն տարածվում սույն օրենսգրքի 195 հոդվածի և 197 հոդվածի 2-6-րդ կետերում նախատեսված կանոնները:
4. Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի շինարարական աշխատանքների ընթացքում շինարարական ոչ էական շեղումների հետևանքով բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների չափերի փոփոխությունների դեպքում շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նկատմամբ բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների սեփականատերերի բաժնի չափերը չեն փոխվում:
5. Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերում առանձնացված միավորները (բնակարանները, ոչ բնակելի տարածքները), հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների բաժնեմասով հանդերձ, քաղաքացիական շրջանառության օբյեկտ են դառնում ավարտված շենքի պետական գրանցման պահից:
6. Կառուցված բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերում հողամասի, բնակարանի և ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման կարգը սահմանվում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով:
7. (մասն ուժը կորցրել է 25.05.22 ՀՕ-136-Ն)
8. Կառուցված բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքում բնակարանը, ոչ բնակելի տարածքը, ներառյալ՝ դրանց համապատասխան հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների բաժնային մասը կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք ունեցող անձին սեփականության իրավունքով փոխանցված է համարվում անշարժ գույքը սեփականության իրավունքով փոխանցելու ակտի պետական գրանցման պահից:
9. Եթե առկա է քննվող դատական գործ, որը հարուցվել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների հայցով, և որը վերաբերում է կառուցված և ավարտված բազմաբնակարան շենքով ծանրաբեռնված հողամասի կամ դրա մասի նկատմամբ սեփականության իրավունքի՝ որևէ ժամանակահատվածում ձեռքբերման որևէ հիմքով մասնակի կամ ամբողջությամբ վիճարկելուն, ապա ձեռք բերողին կարող է փոխանցվել այդ բազմաբնակարան շենքի բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի նկատմամբ սեփականության իրավունքը, որի հիմքով օրենքի ուժով ծագում է նաև հողամասի համապատասխան բաժնային մասի նկատմամբ ձեռք բերողի օգտագործման իրավունքը: Սույն մասով սահմանված կարգով ձեռք բերողին բազմաբնակարան շենքի բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի փոխանցումը չի սահմանափակում դրա հետագա տնօրինման իրավունքը:
10. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ (համայնքային շահերի պաշտպանության նպատակով հարուցված հայցով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը վիճարկվելու դեպքում՝ համապատասխան համայնքի ղեկավարի առաջարկության հիման վրա) մինչև դատական գործի ավարտը կարող է սահմանվել հողամասի սխեմա (կոորդինատներ), որի շրջանակներում ներառված հողամասի սահմաններում սեփականատիրոջ, կառուցապատողի, գրավառուի և գույքային իրավունքներ ունեցող այլ անձանց իրավունքներն ամբողջ ծավալով անխոչընդոտ ենթակա են իրացման, այդ թվում` քաղաքաշինական փաստաթղթեր ստանալու կամ վերահամաձայնեցում կատարելու (հողամասի սխեմա (կոորդինատներ) սահմանելուց բխող վերահամաձայնեցումները կատարվում են առանց լրացուցիչ վճար կամ տուրք վճարելու), ինչպես նաև շենքի բնակարանի և ոչ բնակելի տարածքների ձեռք բերողներին շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի, ընդհանուր օգտագործման տարածքների համապատասխան բաժնային մասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցելու իրավունքները: Եթե մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սխեմայի (կոորդինատների) սահմանումը բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու հիմքով օրենքի ուժով ծագել է նաև հողամասի համապատասխան բաժնային մասի նկատմամբ ձեռք բերողի օգտագործման իրավունքը, ապա Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սխեմա (կոորդինատներ) սահմանվելուց հետո դրա շրջանակներում ներառված հողամասի սահմաններում շենքի սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ (այդ թվում՝ շենքի տակ գտնվող) հողամասի նկատմամբ սեփականության իրավունքն օրենքի ուժով փոխանցվում է համապատասխան ձեռք բերողին` ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով:
11. Սույն հոդվածով սահմանված համապատասխան դատական գործի ավարտի դեպքում, եթե օրինական ուժի մեջ մտած դատական ակտով չի փոփոխվում հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի սուբյեկտը, ապա համապատասխան բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի սեփականատիրոջն օրենքի ուժով փոխանցվում է հողամասի (համապատասխան սխեմայի (կոորդինատների) առկայության դեպքում՝ սխեմայի (կոորդինատների) սահմաններում չընդգրկված հողամասի) համապատասխան բաժնային մասի նկատմամբ սեփականության իրավունքը, ինչպես նաև անփոփոխ կերպով պահպանվում են հողամասի նկատմամբ այլ գույքային իրավունքների սուբյեկտների, այդ թվում` սեփականատիրոջ, կառուցապատողի, գրավառուի բոլոր իրավունքները:
12. Այն դեպքում, երբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչվում է հողամասի կամ դրա մասի նկատմամբ պետության կամ համայնքի սեփականության իրավունքը, կամ որևէ ժամանակահատվածում ձեռքբերման որևէ հիմքով անվավեր է ճանաչվում հողամասի կամ դրա մասի նկատմամբ գրանցված սեփականության իրավունքը, ապա Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված սխեմայի (կոորդինատների) սահմաններում շենքի սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ (այդ թվում՝ շենքի տակ գտնվող) հողամասի նկատմամբ սեփականության իրավունքն օրենքի ուժով փոխանցվում է տվյալ շենքի բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների սեփականատերերին` ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված սխեմայի (կոորդինատների) շրջանակներում ներառված հողամասի նկատմամբ օրենքի ուժով շարունակում են պահպանվել մինչև դատական ակտն ուժի մեջ մտնելը գրանցված` հողամասի սեփականատիրոջ, կառուցապատողի, գրավառուի և այլ անձանց սեփականության և այլ գույքային իրավունքները:
(224-րդ հոդվածը խմբ., լրաց. 07.05.02 ՀՕ-336, խմբ. 04.10.05 ՀՕ-188-Ն, փոփ., լրաց., խմբ. 15.12.05 ՀՕ-238-Ն, 19.06.15 ՀՕ-87-Ն, խմբ., փոփ. 25.05.22 ՀՕ-136-Ն, լրաց․ 26․03․26 ՀՕ-96-Ն)
(հոդվածը 26․03․26 ՀՕ-96-Ն օրենքի փոփոխության մասով գործում է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը)
(26․03․26 ՀՕ-96-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)