Հոդված 288.4. Առանձին խումբ անշարժ գույքի հատուցելի օտարման կարգը
Հոդված 288.4. Առանձին խումբ անշարժ գույքի հատուցելի օտարման կարգը
1. Առանձին խումբ անշարժ գույքը հատուցելի եղանակով կարող է օտարվել միայն բաց աճուրդով՝ «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Գույքն աճուրդի կարող է դրվել սույն օրենսգրքի 288.3-րդ հոդվածով նախատեսված պայմանների առկայության դեպքում: Սույն մասով սահմանված կարգավորումից բացառություն են կազմում «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով սեփականության օտարման դեպքերը:
2. Բաց աճուրդով օտարվելիս առանձին խումբ անշարժ գույքի վաճառքի մեկնարկային գինը չի կարող պակաս լինել «Գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրված գնահատման հաշվետվությամբ սահմանված գնից, որը պետք է տրված լինի հրապարակային սակարկությունների մասին հրապարակային ծանուցում կատարելու օրվան նախորդող առավելագույնը մեկ տարի առաջ:
3. Աճուրդների կազմակերպման և իրականացման կարգը սահմանվում է սույն օրենսգրքով և «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
(288.4-րդ հոդվածը լրաց. 11.02.26 ՀՕ-38-Ն)