Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Գլուխ 4 · ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

Հոդված 47. Քաղաքացուն մահացած ճանաչելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 47. Քաղաքացուն մահացած ճանաչելը

1. Քաղաքացին դատարանով կարող է մահացած ճանաչվել, եթե նրա բնակության վայրում երեք տարվա ընթացքում տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի մասին, իսկ եթե նա անհայտ կորել է այնպիսի հանգամանքներում, որոնք մահվան վտանգ են սպառնացել կամ հիմք են տալիս ենթադրելու նրա մահը որոշակի դժբախտ դեպքի հետևանքով` վեց ամսվա ընթացքում:

2. Ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանով մահացած ճանաչվել ոչ շուտ, քան ռազմական գործողությունների ավարտից մեկ տարի հետո:

3. Մահացած ճանաչված քաղաքացու մահվան օր է համարվում նրան մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը: Քաղաքացուն, որն անհայտ կորել է մահվան վտանգ սպառնացող կամ այնպիսի հանգամանքներում, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ նրա մահը հետևանք է որոշակի դժբախտ դեպքի, մահացած ճանաչելու դեպքում, դատարանը կարող է այդ քաղաքացու մահվան օր ճանաչել նրա ենթադրյալ մահվան օրը:

(47-րդ հոդվածը փոփ. 29.12.20 ՀՕ-504-Ն)

(29.12.20 ՀՕ-504-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

&#9878Հոդված 48. Մահացած ճանաչված քաղաքացու հայտնվելու հետևանքները

1. Մահացած ճանաչված քաղաքացու հայտնվելու կամ նրա գտնվելու վայրը հայտնաբերվելու դեպքում դատարանը վերացնում է նրան մահացած ճանաչելու մասին վճիռը:

2. Անկախ իր հայտնվելու ժամանակից` քաղաքացին իրավունք ունի յուրաքանչյուր անձից հետ պահանջել պահպանված գույքը, որն անհատույց անցել էր այդ անձին` քաղաքացուն մահացած ճանաչելուց հետո, բացառությամբ սույն օրենսգրքի 275 հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքերի:

3. Մահացած ճանաչված քաղաքացու գույքը հատուցելի գործարքներով ձեռք բերած անձինք պարտավոր են նրան վերադարձնել այդ գույքը, եթե ապացուցվում է, որ գույքը ձեռք բերելիս նրանք գիտեին, որ մահացած ճանաչված քաղաքացին կենդանի է: Այդ գույքը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում հատուցվում է դրա արժեքը:

4. Եթե մահացած ճանաչված քաղաքացու գույքը ժառանգման իրավունքով անցել է համայնքին և իրացվել է սույն հոդվածով նախատեսված պայմանների պահպանմամբ, ապա քաղաքացուն մահացած ճանաչելու մասին վճիռը վերացվելուց հետո նրան է վերադարձվում գույքի իրացումից ստացված գումարը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։