Հոդված 560. Էներգամատակարարման պայմանագրի կանոնների կիրառումը այլ պայմանագրերի նկատմամբ
Հոդված 560. Էներգամատակարարման պայմանագրի կանոնների կիրառումը այլ պայմանագրերի նկատմամբ
1. Սույն օրենսգրքի 550-559 հոդվածներով նախատեսված կանոնները կիրառվում են միացված ցանցի միջոցով ջերմային էներգամատակարարման հետ կապված հարաբերությունների նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ այլ իրավական ակտերով:
2. Միացված ցանցի միջոցով գազի, նավթի և նավթամթերքի, ջրի ու այլ ապրանքների մատակարարման հետ կապված հարաբերությունների նկատմամբ էներգամատակարարման պայմանագրի մասին կանոնները (550-559 հոդվածներ) կիրառվում են, եթե այլ բան սահմանված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ չի բխում այդ պարտավորության էությունից:
§ 6. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔ
⚖Հոդված 561. Անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր
Վաճառողը, անշարժ գույքի առուվաճառքի (այսուհետ` անշարժ գույքի վաճառքի) պայմանագրով պարտավորվում է գնորդի սեփականությանը հանձնել հողամաս, շենք, շինություն, բնակարան կամ այլ անշարժ գույք (հոդված 134):
⚖Հոդված 562. Անշարժ գույքի վաճառքի պայմանագրի ձևը
1. Անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը կնքվում է գրավոր` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով (450-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ):
2. Անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:
(562-րդ հոդվածը փոփ. 24.05.23 ՀՕ-184-Ն)
⚖Հոդված 563. Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցումը
1. Անշարժ գույքի վաճառքի պայմանագրով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը գնորդին ենթակա է պետական գրանցման:
2. Մինչև սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցումն անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը կատարելը հիմք չէ այդ պայմանագրի կողմերի հետ երրորդ անձանց ունեցած հարաբերությունների փոփոխման համար: