Հոդված 243. Գրավ դրված գույքը հարկադրաբար վերցնելու և առգրավելու հետևանքները
Հոդված 243. Գրավ դրված գույքը հարկադրաբար վերցնելու և առգրավելու հետևանքները
1. Այն դեպքերում, երբ գրավի առարկա գույքի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքը դադարել է օրենքով սահմանված հիմքերով և կարգով հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվելու, ռեկվիզիցիայի կամ ազգայնացման հետևանքով, ու գրավատուին տրվել է այլ գույք և (կամ) համապատասխան հատուցում, գրավի իրավունքը տարածվում է փոխարենը տրված գույքի (հատուցման) վրա, կամ գրավառուն ձեռք է բերում գրավատուին հասանելիք հատուցման գումարից իր պահանջը բավարարելու նախապատվության իրավունք:
2. Այն դեպքում, երբ գրավի առարկա գույքն օրենքով սահմանված կարգով առգրավվել է գրավատուից` բռնագանձում տարածելու միջոցով կամ բռնագրավվել է, գրավառուն այդ գույքի արժեքից իր պահանջը բավարարելու նախապատվության իրավունք ունի:
3. Այն դեպքում, երբ գրավի առարկա գույքն օրենքով սահմանված կարգով առգրավվել է գրավատուից այն հիմքով, որ իրականում այդ գույքի սեփականատերն ուրիշ անձ է, այդ գույքի նկատմամբ գրավը դադարում է:
4. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում գրավառուն իրավունք ունի պահանջել վաղաժամկետ կատարելու գրավով ապահովված պարտավորությունը:
(243-րդ հոդվածը փոփ. 27.11.06 ՀՕ-187-Ն, 24.10.18 ՀՕ-408-Ն, 09.06.22 ՀՕ-180-Ն, լրաց. 11.02.26 ՀՕ-38-Ն)