Հոդված 69. Իրավաբանական անձի լուծարման կարգը
Հոդված 69. Իրավաբանական անձի լուծարման կարգը
1. Լուծարման հանձնաժողովն http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հայտարարություն է զետեղում նրա լուծարման և պարտատերերի պահանջների ներկայացման կարգի ու ժամկետի մասին: Այդ ժամկետը չի կարող պակաս լինել երկու ամսից` սկսած լուծարման մասին հրապարակման պահից:
Լուծարման հանձնաժողովը միջոցներ է ձեռնարկում պարտատերերին հայտնաբերելու և դեբիտորական պարտքն ստանալու ուղղությամբ, ինչպես նաև պարտատերերին տեղեկացնում է իրավաբանական անձի լուծարման մասին:
2. Պարտատերերի կողմից պահանջների ներկայացման ժամկետի ավարտից հետո լուծարման հանձնաժողովը կազմում է լուծարման միջանկյալ հաշվեկշիռ, որը տեղեկություններ է պարունակում լուծարվող իրավաբանական անձի գույքի կազմի, պարտատերերի ներկայացրած պահանջների ցանկի, ինչպես նաև պահանջների քննարկման արդյունքների մասին:
Լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատում են լուծարման մասին որոշում ընդունած իրավաբանական անձի հիմնադիրները (մասնակիցները) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմինը:
3. Եթե լուծարվող իրավաբանական անձի ունեցած դրամական միջոցներն անբավարար են պարտատերերի պահանջները բավարարելու համար, լուծարման հանձնաժողովը հրապարակային սակարկություններով վաճառում է իրավաբանական անձի գույքը` հրապարակային սակարկությունների մասին օրենքով սահմանված կարգով:
4. Լուծարման հանձնաժողովը լուծարվող իրավաբանական անձի պարտատերերին գումարներ է վճարում սույն օրենսգրքի 70 հոդվածով սահմանված հերթականությամբ` լուծարման միջանկյալ հաշվեկշռին համապատասխան` սկսած դրա հաստատման օրվանից:
5. Պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո լուծարման հանձնաժողովը կազմում է լուծարման հաշվեկշիռ, որը հաստատում են իրավաբանական անձի լուծարման մասին որոշում ընդունած իրավաբանական անձի հիմնադիրները (մասնակիցները) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմինը:
Հաստատված լուծարման հաշվեկշիռը լուծարման հանձնաժողովը ներկայացնում է իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմին:
6. Պարտատերերի պահանջները բավարարելուց հետո իրավաբանական անձի մնացած գույքը հանձնվում է նրա հիմնադիրներին (մասնակիցներին), եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ:
7. Իրավաբանական անձը համարվում է լուծարված, իսկ նրա գոյությունը` դադարած, պետական գրանցման պահից:
(69-րդ հոդվածը խմբ. 27.07.01 ՀՕ-205, փոփ. 19.03.12 ՀՕ-130-Ն)