Հոդված 224.1. Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք կամ բնակելի տուն գնելու իրավունքը
Հոդված 224.1. Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք կամ բնակելի տուն գնելու իրավունքը
1. Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույքի կամ բնակելի տան նկատմամբ կառուցապատողի իրավունքի պետական գրանցումից հետո բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույքը կամ բնակելի տունը կարող է ծանրաբեռնվել կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքով:
2. Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք կամ բնակելի տուն գնելու իրավունքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից բխող գնման իրավունքը՝ պետական գրանցման:
3. Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք կամ բնակելի տուն գնելու իրավունքը տարածվում է նաև հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների համապատասխան բաժնային մասի վրա:
4. Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույքի կամ բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումից հետո պայմանագրով սահմանված, բայց ոչ ուշ, քան վեցամսյա ժամկետում կառուցապատողը կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք կամ բնակելի տուն գնելու իրավունք ունեցող անձին է ներկայացնում բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույքը կամ բնակելի տունը սեփականության իրավունքով փոխանցելու ակտը և հաշվարկային փաստաթուղթը կամ օրենքով սահմանված դեպքերում՝ հարկային հաշիվը:
5. Կառուցված բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք կամ բնակելի տուն սեփականության իրավունքով փոխանցելու ակտում նշվում են՝
1) կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք կամ բնակելի տուն գնելու իրավունքի պայմանագրով փոխանցման ենթակա անշարժ գույքի մասին սույն օրենսգրքի 566-րդ հոդվածին համապատասխան տվյալներ,
2) կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք կամ բնակելի տուն գնելու իրավունքի պայմանագրով փոխանցման ենթակա անշարժ գույքի գնի, կատարված կանխավճարային վճարումների և առկայության դեպքում՝ գնի չվճարված մասի վճարման պայմանների մասին,
3) բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույքը կամ բնակելի տունը կառուցապատողի հաշվին շահագործման հանձնելու ժամկետի մասին տեղեկատվություն:
6. Կառուցված բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքը, շենքից անշարժ գույքը կամ բնակելի տունը սեփականության իրավունքով փոխանցելու ակտը ենթակա է նոտարական վավերացման, դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման, և անշարժ գույքը գնելու իրավունք ունեցող անձին սեփականության իրավունքով փոխանցված է համարվում սեփականության իրավունքով փոխանցելու ակտի պետական գրանցման պահից:
7. Անշարժ գույքը սեփականության իրավունքով փոխանցելու ակտի վրա տարածվում են սույն օրենսգրքի 209-րդ հոդվածով սահմանված դրույթները:
8. Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերում ապագա բնակարանը կամ ոչ բնակելի տարածքը կամ բնակելի տունը կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքով ծանրաբեռնելու առանձնահատկությունները սահմանված են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածով:
9. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների հայցով հարուցված` հողամասի կամ դրա մասի նկատմամբ սեփականության իրավունքի՝ որևէ ժամանակահատվածում ձեռքբերման որևէ հիմքով մասնակի կամ ամբողջությամբ վիճարկելու վերաբերյալ դատական գործի առկայությունը խոչընդոտ չէ կառուցվող բազմաբնակարան շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագիր, ինչպես նաև կառուցված և ավարտված բազմաբնակարան շենքից անշարժ գույք սեփականության իրավունքով փոխանցելու ակտ կնքելու կամ այլ եղանակով անշարժ գույք օտարելու համար: Սույն մասով նախատեսված դատական գործի առկայության պայմաններում կառուցվող բազմաբնակարան շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրում, ինչպես նաև կառուցված և ավարտված բազմաբնակարան շենքից անշարժ գույք սեփականության իրավունքով փոխանցելու ակտում կամ այլ եղանակով անշարժ գույք օտարելու պայմանագրում կատարվում է նշում այն մասին, որ ձեռք բերողը տեղեկացված է դատական գործի առկայության մասին, ինչպես նաև այն մասին, որ համապատասխանաբար պայմանագրի կամ փոխանցման ակտի առարկան են հանդիսանում բնակարանը կամ ոչ բնակելի տարածքը և ընդհանուր օգտագործման տարածքների համապատասխան բաժնային մասը՝
1) առանց հողամասի, եթե դատական գործը վերաբերում է ամբողջ հողամասին, և առկա չէ սույն օրենսգրքի 224-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված հողամասի սխեմա (կոորդինատներ),
2) սույն օրենսգրքի 224-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված հողամասի սխեմայի (կոորդինատների) առկայության դեպքում՝ սխեմայում (կոորդինատներում) նշված հողամասով, իսկ այլ չվիճարկվող հողամասի պարագայում՝ նաև այդ հողամասով:
(224.1-ին հոդվածը լրաց. 25.05.22 ՀՕ-136-Ն, 26․03․26 ՀՕ-96-Ն)
(հոդվածը 26․03․26 ՀՕ-96-Ն օրենքի փոփոխության մասով գործում է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը)
(26․03․26 ՀՕ-96-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)