Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Գլուխ 52.1 · ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 968.1. Ֆոնդի կառավարման պայմանագիրը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 968.1. Ֆոնդի կառավարման պայմանագիրը

1. Ֆոնդի կառավարման պայմանագրով մեկ կողմը (ֆոնդի մասնակիցը) մյուս կողմի (ֆոնդի կառավարչի) ֆոնդի կանոնների համաձայն` դրամական միջոցներ կամ այլ գույք է տրամադրում նրան, իսկ մյուս կողմը պարտավորվում է համապատասխան վճարի դիմաց միավորել այդ գույքը համապատասխան ֆոնդի գույքին և կառավարել ֆոնդը օրենքին, այլ իրավական ակտերին և ֆոնդի կանոններին համապատասխան: Ֆոնդի մասնակցի կողմից ֆոնդի կառավարման պայմանագրով, դրամական միջոցներից բացի, թույլատրելի է տրամադրել միայն այնպիսի տեսակի գույք, որում, տվյալ ֆոնդի կանոնների համաձայն, ֆոնդը պատրաստվում է ներդրում կատարել:

2. Ֆոնդը միասնական կանոնների ներքո միավորված և սույն գլխով նախատեսված իրավական ռեժիմով օժտված ակտիվների համախումբ է:

3. Օրենքին համապատասխան` ֆոնդը կարող է բաժանվել առանձին ակտիվների համախմբերի (ենթաֆոնդ), որոնք ունեն գործունեության միասնական կանոններ և միմյանցից տարբերվում են իրենց ներդրումային քաղաքականությամբ, եկամուտների բաշխման քաղաքականությամբ, ֆոնդի փայերի տեղաբաշխման և (կամ) հետգնման վճարներով, իրենց ակտիվների արժույթով, կառավարչի պարգևավճարով կամ դրանց համակցությամբ:

4. Ֆոնդում դրամական միջոցների կամ այլ գույքի ներդրմամբ դադարում է ֆոնդի մասնակցի սեփականության իրավունքն այդ միջոցների և այդ գույքի նկատմամբ, և նա ձեռք է բերում ընդհանուր բաժնային սեփականության իրավունք ֆոնդի (ենթաֆոնդի) բոլոր ակտիվների նկատմամբ` իր ներդրմանը համապատասխան որոշվող բաժնեմասով:

5. Ֆոնդի կառավարումն իրականացնող անձը կամ կառավարիչը (այսուհետ սույն գլխում՝ ֆոնդի կառավարիչ) ֆոնդը կառավարում է ֆոնդի ակտիվները հավաքագրելու, այդ ակտիվները ֆոնդի կանոններին համապատասխան և ի շահ մասնակիցների արժեթղթերում և (կամ) այլ գույքում ներդնելու, այդ ներդրումների արդյունքում ձևավորված եկամուտը օրենքով և ֆոնդի կանոններով սահմանված կարգով և պայմաններով ֆոնդի մասնակիցների միջև բաշխելու, ինչպես նաև դրանց հետ կապված այլ իրավաբանական և փաստացի գործողություններ իրականացնելու միջոցով:

6. Ֆոնդի կառավարիչը ֆոնդի կառավարման հետ կապված գործարքները կնքում է իր անունից` նշելով, որ ինքը գործում է որպես տվյալ ֆոնդի (դրա ենթաֆոնդի) կառավարիչ, և որ այդ գործարքներով իր ստանձնած պարտավորությունները կատարվում են բացառապես տվյալ ֆոնդի (դրա ենթաֆոնդի) ակտիվների հաշվին: Սույն կետով նախատեսված նշումը կատարվում է կնքվող գործարքի ձևին համապատասխան եղանակով:

7. Սույն հոդվածի 6-րդ կետով նախատեսված նշման բացակայության դեպքում ֆոնդի կառավարչի կնքած գործարքները երրորդ անձանց համար դիտվում են որպես ֆոնդի կառավարման հետ չկապված, որոնցով ստանձնած պարտավորությունների նկատմամբ չեն տարածվում սույն օրենսգրքի 968.7 հոդվածի 2-րդ կետով նախատեսված դրույթները:

8. Հրապարակային ֆոնդի և դրա առանձին տեսակների կառավարման պայմանագրերի առանձնահատկությունները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով: Օրենքով ոչ հրապարակային ֆոնդերի կառավարման պայմանագրերի նկատմամբ կարող են սահմանվել այլ պահանջներ։

(968.1-ին հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-253-Ն, լրաց., փոփ. 01.03.17 ՀՕ-73-Ն, 22.01.25 ՀՕ-24-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։