Հոդված 398. Իրավունքներ, որոնք չեն կարող անցնել այլ անձանց
Հոդված 398. Իրավունքներ, որոնք չեն կարող անցնել այլ անձանց
Պարտատիրոջ անձի հետ անխզելիորեն կապված իրավունքների` ներառյալ ալիմենտի և կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման պահանջների, անցնելն այլ անձի չի թույլատրվում:
⚖Հոդված 399. Պարտատիրոջ` այլ անձի անցնող իրավունքների ծավալը
Սկզբնական պարտատիրոջ իրավունքը նոր պարտատիրոջն է անցնում իրավունքի անցման պահին գոյություն ունեցող ծավալով և պայմաններով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Մասնավորապես, նոր պարտատիրոջն են անցնում պարտավորության կատարումն ապահովող, ինչպես նաև պահանջի հետ կապված այլ իրավունքները` ներառյալ չվճարված տոկոսների նկատմամբ իրավունքը:
⚖Հոդված 400. Նոր պարտատիրոջ իրավունքների ապացույցները
1. Պարտապանն իրավունք ունի չկատարել պարտավորությունը նոր պարտատիրոջ օգտին, մինչև պահանջն այդ անձին անցնելու վերաբերյալ նրան ապացույցներ ներկայացնելը:
2. Պահանջն այլ անձի զիջած պարտատերը պարտավոր է նոր պարտատիրոջը հանձնել պահանջի իրավունքը հավաստող փաստաթղթեր և հաղորդել պահանջի իրականացման համար նշանակություն ունեցող տեղեկություններ: