Հոդված 446. Պայմանագիր` հօգուտ երրորդ անձի
Հոդված 446. Պայմանագիր` հօգուտ երրորդ անձի
1. Հօգուտ երրորդ անձի է համարվում այն պայմանագիրը, որում կողմերը սահմանել են, որ պարտապանը պարտավոր է պարտավորությունը կատարել ոչ թե հօգուտ պարտատիրոջ, այլ` պայմանագրում նշված կամ չնշված երրորդ անձի, որն իրավունք ունի պարտապանից պահանջել իր օգտին կատարելու պարտավորությունը:
2. Երրորդ անձի կողմից պայմանագրով իր իրավունքից օգտվելու ցանկությունը պարտապանին հայտնելու պահից կողմերն առանց երրորդ անձի համաձայնության չեն կարող լուծել կամ փոփոխել իրենց կնքած պայմանագիրը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով: Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում լռությունը կարող է համարվել որպես երրորդ անձի կողմից պայմանագրով իր իրավունքից օգտվելու ցանկության հայտնում:
3. Պարտապանն իրավունք ունի երրորդ անձի պահանջի դեմ անել այնպիսի առարկություններ, որոնք նա կարող էր ներկայացնել պարտատիրոջ դեմ:
4. Այն դեպքում, երբ երրորդ անձը հրաժարվում է պայմանագրով իրեն տրամադրված իրավունքից, պարտատերը կարող է օգտվել այդ իրավունքից, եթե դա չի հակասում օրենքին, այլ իրավական ակտերին և պայմանագրին:
(446-րդ հոդվածը լրաց. 21.06.14 ՀՕ-69-Ն)
⚖Հոդված 447. Պայմանագրի մեկնաբանումը
1. Պայմանագրի պայմանները մեկնաբանելիս` դատարանը պետք է ելնի նրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Պայմանագրի պայմանի տառացի նշանակությունը պարզ չլինելու դեպքում այն սահմանվում է պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով:
2. Եթե սույն հոդվածի 1-ին կետում պարունակվող կանոնները հնարավորություն չեն տալիս որոշել պայմանագրի բովանդակությունը, ապա պետք է պարզվի կողմերի իրական ընդհանուր կամքը` հաշվի առնելով պայմանագրի նպատակը: Ընդ որում, նկատի են առնվում բոլոր համապատասխան հանգամանքները` ներառյալ պայմանագրին նախորդող բանակցությունները և թղթակցությունը, կողմերի փոխադարձ հարաբերություններում հաստատված գործելակերպը, գործարար շրջանառության սովորույթները, կողմերի հետագա վարքը:
3. Օրենքով կարող են նախատեսվել սպառողների հետ կնքվող պայմանագրերի մեկնաբանման այլ կանոններ:
(447-րդ հոդվածը լրաց. 24.05.23 ՀՕ-184-Ն)