Հոդված 966. Գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրի դադարելը
Հոդված 966. Գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրի դադարելը
1. Բացի պարտավորությունների դադարման ընդհանուր հիմքերից, գույքի հավատարմագրային կառավարման պայմանագիրը դադարում է նաև որպես հետևանք`
1) շահառու քաղաքացու մահվան կամ շահառու իրավաբանական անձի լուծարման, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով.
2) շահառուի կողմից պայմանագրով ստացվող օգուտներից հրաժարվելու, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով.
3) հավատարմագրային կառավարիչ-քաղաքացու մահվան, նրան անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ սնանկ ճանաչելու.
4) հավատարմագրային կառավարչի կամ կառավարման հիմնադրի կողմից հավատարմագրային կառավարումից հրաժարվելու` կապված հավատարմագրային կառավարչի կողմից գույքի հավատարմագրային կառավարումն անձամբ իրականացնելու անհնարինության հետ.
5) պայմանագրից կառավարման հիմնադրի հրաժարվելու` հավատարմագրային կառավարչին այդ կապակցությամբ պայմանագրով պայմանավորված գումարը վճարելու պայմանով.
6) կառավարման հիմնադրին սնանկ ճանաչելու.
7) հավատարմագրային կառավարման պայմանագրի ժամկետը լրանալու:
2. Գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրից կողմերից մեկի հրաժարվելու դեպքում մյուս կողմը, պայմանագիրը դադարելուց երեք ամիս առաջ, պետք է ծանուցվի այդ մասին, եթե ծանուցման այլ ժամկետ նախատեսված չէ պայմանագրով:
3. Հավատարմագրային կառավարման պայմանագիրը դադարելու դեպքում հավատարմագրային կառավարման հանձնված գույքը փոխանցվում է կառավարման հիմնադրին, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
(966-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 01.03.17 ՀՕ-68-Ն)