Հոդված 23. Ընդհանուր ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութներ
Հոդված 23. Ընդհանուր ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութներ
Ընդհանուր ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութներում ազատազրկման ձևով պատիժ են կրում ոչ ծանր հանցագործությունների համար առաջին անգամ դատապարտված տղամարդիկ, բացի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 23 հոդվածի չորրորդ մասի երրորդ պարբերությունում նշված հանցագործությունների համար դատապարտվածներից, ինչպես նաև ազատազրկման դատապարտված կանայք, բացառությամբ առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստ ճանաչված կանանց և այն կանանց, որոնց նկատմամբ նշանակված մահապատիժը ներման կամ ամնիստիայի կարգով փոխարինվել է ազատազրկմամբ:
Սույն օրենսգրքի 39 հոդվածի և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 23 հոդվածի համաձայն ընդհանուր ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութներում կարող են պատիժ կրել նաև ազատազրկման դատապարտված այլ անձինք, բացառությամբ առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստ ճանաչվածների և այն դատապարտյալների, որոնց նկատմամբ նշանակված մահապատիժը ներման կամ ամնիստիայի կարգով փոխարինվել է ազատազրկմամբ:
Ընդհանուր ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութներում դատապարտյալները տեղավորվում են սովորական բնակելի շենքերում, կրում են միասնական ձևի հագուստ, ուղղիչ աշխատանքային հիմնարկների ներքին կարգապահության կանոններին համապատասխան կարող են տեղաշարժվել գաղութի տերիտորիայի սահմաններում:
Ընդհանուր ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութներում պատիժը կրող դատապարտյալները իրավունք ունեն`
- սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու համար ամսական ծախսել մինչև սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով գումար.
- ունենալու մինչև երեք օր տևողությամբ երկարատև տեսակցություններ այն հաշվարկով, որպեսզի յուրաքանչյուր դատապարտյալի տարվա ընթացքում տեսակցություն տրվի ոչ հաճախ, քան ամիսը մեկ անգամ և ոչ պակաս, քան եռամսյակը մեկ անգամ, ինչպես նաև ամսվա ընթացքում ունենալ մեկ կարճատև տեսակցություն.
- մեկ ամսում ստանալ ոչ ավելի, քան մեկ փաթեթ.
- ամսվա ընթացքում ստանալ հանձնուք և մեկ ծանրոց:
Լավ վարքի և աշխատանքի նկատմամբ ազնիվ վերաբերմունքի դեպքում, պատժի ժամկետի ոչ պակաս, քան մեկ քառորդը կրելուց հետո, դատապարտյալներին պահելու պայմանները կարող են բարելավվել: Այդ դեպքում դատապարտյալներին լրացուցիչ թույլատրվում է`
- սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու համար ամսական ծախսել մինչև սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով գումար.
- տարվա ընթացքում ունենալ հինգ երկարատև և վեց կարճատև տեսակցություն: Եթե դատապարտյալները մերձավոր ազգականներ չունեն, ապա երկարատև տեսակցությունները կարող են փոխարինվել կարճատև տեսակցությամբ.
- տարվա ընթացքում ստանալ տասներկու ծանրոց կամ հանձնուք:
(04.07.73, 05.12.85, 01.07.98 ՀՕ-244, 19.04.00 ՀՕ-55 օրենքներ)