Հոդված 52. Ազատազրկված անձանց վաստակից պահումներ կատարելը
Հոդված 52. Ազատազրկված անձանց վաստակից պահումներ կատարելը
Ուղղիչ աշխատանքային գաղութներում և բանտերում պատիժ կրող անձինք իրենց հաշվեգրված վաստակից հատուցում են սննդի, հագուստի, սպիտակեղենի և կոշկեղենի արժեքը, բացի հատուկ հագուստի և հատուկ սննդի արժեքից: Այդ ծախսերը հատուցելուց հետո հաշվեգրված վաստակից պահումներ են կատարվում ըստ կատարողական թերթիկների և այլ կատարողական փաստաթղթերի, ԽՍՀ Միության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417 հոդվածով սահմանված կարգով: Որպես այդ կանոնից բացառություն, անչափահաս երեխաների համար ալիմենտը հաշվարկվում է դատապարտյալի վաստակած ամբողջ գումարից, ներառյալ նաև այն մասը, որը հատկացվում է ուղղիչ աշխատանքային հիմնարկները պահելու ծախսերի հատուցման համար, և պահվում է մինչև այդ ծախսերի հատուցումը:
Անչափահասներին, ինչպես նաև առաջին և երկրորդ խմբի հաշմանդամներին սնունդը, հագուստը, սպիտակեղենը և կոշկեղենը տրվում են անվճար:
Հիվանդության պատճառով աշխատանքից ազատված դատապարտյալներին, հղի կանանց և կրծքով կերակրող մայրերին աշխատանքից ազատելու ժամանակամիջոցում սնունդը տրվում է անվճար:
Աշխատանքից չարամտորեն խուսափող դատապարտյալներից սննդի, հագուստի, սպիտակեղենի և կոշկեղենի արժեքը բռնագանձվում է նրանց անձնական հաշիվներում եղած միջոցներից:
(28.01.78, 28.07.82 խմբագրությամբ)