Հոդված 83. Աքսոր ուղարկելը
Հոդված 83. Աքսոր ուղարկելը
Աքսորի դատապարտվածները դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կամ այն կատարման հանձնելու օրվանից ամենաուշը տասնօրյա ժամկետում պետության հաշվին ուղարկվում են պատիժը կրելու վայրը առանց պահակախմբի կամ պահակախմբի ուղեկցությամբ:
Աքսորի դատապարտվածին առանց պահակախմբի կամ պահակախմբի ուղեկցությամբ աքսոր ուղարկելու հարցը որոշում է դատարանը, հաշվի առնելով կատարված հանցագործության բնույթը, հասարակական վտանգավորության աստիճանը և դատապարտյալի անձնավորությունը`
-աքսորը որպես հիմնական պատիժ նշանակելիս.
-ազատազրկման ձևով սահմանված պատժից պայմանական վաղակետ ազատելու հարցը լուծելիս այն դեպքում, երբ աքսորը նշանակված է որպես լրացուցիչ պատիժ.
-ազատազրկումը ավելի մեղմ պատժով` աքսորով փոխարինելիս:
Հիմնական պատիժն ազատազրկման ձևով կրած դատապարտյալները, եթե դատարանը նրանց նկատմամբ որպես լրացուցիչ պատիժ աքսոր է նշանակել, աքսորավայր են ուղարկվում պահակախմբի ուղեկցությամբ:
Առանց պահակախմբի դատապարտյալին աքսորավայր ուղարկելիս այդ պատժատեսակի կատարումը տնօրինող մարմինները դատապարտյալին կարգադրագիր են տալիս` մատնանշելով երթուղին և նրա` պատժի կրման վայրը ներկայանալու ժամկետը, նրան ապահովում են մեկնելու միջոցներով և սննդով` ճանապարհին գտնվելու ընթացքում, դատապարտյալին պարզաբանում են նրա պարտականություններն ու իրավունքները, նախազգուշացնում են աքսորավայրից կամ աքսորի ճանապարհից փախչելու համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 202 հոդվածով նախատեսված պատասխանատվության մասին, որի առթիվ նրանից ստորագրություն է վերցվում:
Եթե դատապարտյալը խուսափում է աքսորավայր մեկնելուց, այդ պատժատեսակի կատարումը տնօրինող մարմինները դատապարտյալին ձերբակալում և նյութերն ուղարկում են շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարան, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 365 հոդվածի կարգով` ոչ ավելի, քան երեք օրվա ընթացքում, քննելու դատապարտյալին պահակախմբի ուղեկցությամբ աքսորավայր ուղարկելու հարցը:
Ուղղիչ աշխատանքային հիմնարկից ազատված անձին աքսորավայր ուղարկելիս այդ ուղղիչ աշխատանքային հիմնարկը պարտավոր է տվյալ անձին ապահովել հագուստով ու կոշիկով` ըստ սեզոնի, և սննդով` ճանապարհին գտնվելու ընթացքում:
Դատավճռի կայացումից հետո կալանքի տակ գտնվելու և պահակախմբի ուղեկցությամբ աքսորավայր ուղարկելու ժամանակը պետք է մտնի պատժի ժամկետի մեջ` կալանքի կամ պահակախմբի հսկողության տակ գտնվելու մեկ օրը հաշվելով աքսորի երեք օրվա դիմաց. առանց պահակախմբի աքսորավայր մեկնելու ժամանակը` ճանապարհին գտնվելու մեկ օրը հաշվելով աքսորի մեկ օրվա դիմաց: