Հոդված 41. Ազատազրկման վայրերի ռեժիմի հիմնական պահանջները
Հոդված 41. Ազատազրկման վայրերի ռեժիմի հիմնական պահանջները
Ազատազրկման վայրերի ռեժիմի հիմնական պահանջներն են` դատապարտյալների պարտադիր մեկուսացումը և նրանց նկատմամբ մշտական հսկողությունը այն հաշվով, որպեսզի բացառվի նրանց կողմից նոր հանցագործություններ կամ այլ հակահասարակական արարքներ կատարելու հնարավորությունը. նրանց կողմից իրենց պարտականությունների ճիշտ և անշեղ կատարումը. պահելու տարբեր պայմանները, ելնելով կատարված հանցագործության հասարակական վտանգավորության բնույթից ու աստիճանից, դատապարտյալի անձնավորությունից և նրա վարքից:
Դատապարտյալները կրում են միասնական ձևի հագուստ, ուղղիչ աշխատանքային կարգապահության կանոններին համապատասխան կարող են տեղաշարժվել գաղութի տերիտորիայի սահմաններում, ենթարկվում են խուզարկության: Դատապարտյալների անձնական խուզարկությունը կատարում են խուզարկվողի սեռին պատկանող անձինք: Դատապարտյալների նամակագրությունը ենթակա է գրաքննության, իսկ ծանրոցները, հանձնուքները և փաթեթները` զննության:
Հատուկ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութներում պատիժը կրող դատապարտյալները պահվում են խցային տիպի կամ սովորական բնակելի շենքերում և կրում են հատուկ ձևի հագուստ: Խցային տիպի շենքերում պահվում են առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստներ ճանաչված այն անձինք, որոնք դատապարտվել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 49 հոդվածի վեցերորդ մասում և 49.1 հոդվածի 2 և 3 կետերում թվարկված հանցագործությունների և ազատազրկման ձևով պատիժը կրելու ընթացքում կատարած հանցագործությունների համար, ինչպես նաև այն դատապարտյալները, որոնց մահապատիժը փոխարինվել է ազատազրկմամբ` ներման կամ ամնիստիայի կարգով:
Դատապարտյալներին չի թույլատրվում իրենց մոտ պահել փող և արժեքավոր իրեր, ինչպես նաև ուղղիչ աշխատանքային հիմնարկներում օգտագործումն արգելված առարկաներ: Դատապարտյալների մոտ հայտնաբերված փողն ու արժեքավոր իրերը վերցվում են և, որպես կանոն, պետականացվում են` ուղղիչ աշխատանքային հիմնարկի պետի պատճառաբանված որոշմամբ, որը պետք է հաստատված լինի դատախազի կողմից:
ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների ուղղիչ աշխատանքային օրենսդրության հիմունքներով ու սույն օրենսգրքով սահմանված կարգով դատապարտյալներին թույլատրվում է անկանխիկ հաշվով ձեռք բերել սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ, ունենալ տեսակցություններ, ստանալ ծանրոցներ, հանձնուքներ ու փաթեթներ, դրամական փոխադրումներ, նամակագրություն վարել, ազգականներին դրամական փոխադրումներ ուղարկել:
Անհրաժեշտ դեպքերում ուղղիչ աշխատանքային հիմնարկի ադմինիստրացիան իրավունք ունի զննելու ուղղիչ աշխատանքային հիմնարկ մտնող և դրանից դուրս եկող անձանց իրերն ու հագուստը:
(28.04.77, 25.12.87 խմբագրությամբ)