Հոդված 68. Ազատազրկված անձանց նկատմամբ տույժի միջոցներ կիրառելու կարգը
Հոդված 68. Ազատազրկված անձանց նկատմամբ տույժի միջոցներ կիրառելու կարգը
Տույժի միջոցներ կիրառելիս հաշվի են առնվում խախտումը կատարելու հանգամանքները և դատապարտյալի վարքը նախքան զանցանքը կատարելը: Նշանակվող տույժը պետք է համապատասխանի դատապարտյալի կատարած զանցանքի ծանրությանը և բնույթին: Տույժը նշանակվում է զանցանքը հայտնաբերելուց հետո ոչ ուշ, քան տասն օրվա ընթացքում, իսկ եթե զանցանքի կապակցությամբ կատարվել է ստուգում` ապա նրա ավարտվելու օրից, բայց ոչ ուշ վեց ամսից զանցանքը կատարելու օրից: Տույժը, որպես կանոն, ի կատար է ածվում անհապաղ, իսկ բացառիկ դեպքերում` ոչ ուշ, քան մեկ ամսում` այն նշանակելու օրից:
Ընդհանուր, ուժեղացված, խիստ և հատուկ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութներում պահվող դատապարտյալների տեղափոխումը խցային տիպի շենքեր, իսկ հատուկ ռեժիմի գաղութներում պահվողների տեղափոխումը մենախցեր կատարվում է այն դեպքում, երբ ապարդյուն է մյուս ներգործության միջոցների կիրառումը, այլև այն դեպքերում, երբ չարամիտ կերպով խախտվում են պատիժը կրելու ռեժիմի պահանջները: Պատիժը կրելու ռեժիմի պահանջները չարամտորեն խախտելու դեպքում խցային տիպի շենքեր և մենախցեր տեղափոխելը միաժամանակ առաջ է բերում պահելու բարելավված պայմանների վերացումը:
Պահելու բարելավված պայմանների կրկին տեղափոխումը, իսկ հատուկ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութներում սույն օրենսգրքի 41 հոդվածի 3-րդ մասում նշված դատապարտյալների կրկին անգամ տեղափոխումը խցային տիպի շենքերից սովորական բնակելի շենքեր կարող է կատարվել ոչ շուտ, քան տույժը կրելու օրից մեկ տարի հետո, կամ մեկ տարուց շուտ, եթե պահելու պայմանների բարելավումը վերացնելու կամ խցային տիպի շենքեր կամ մենախուց տեղափոխելու ձևով նշանակված տույժը ուղղիչ աշխատանքային հիմնարկի ադմինիստրացիան հանել է մինչև տարին լրանալը:
Խցային տիպի շենքերից և մենախցերից ժամկետից շուտ տեղափոխում չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ բժշկական եզրակացության համաձայն այդ անհրաժեշտ է` ելնելով դատապարտյալի առողջական վիճակից:
Նախազգուշացման կամ նկատողության, ազատազրկման վայրի շենքերն ու տերիտորիան մաքրելու արտահերթ հերթապահության, մեկ անգամ կինո, համերգ հաճախելուց և սպորտային խաղերին մասնակցելուց զրկելու ձևով տույժերը նշանակվում են բանավոր կամ գրավոր:
Ընդհանուր, ուժեղացված և խիստ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութներում պահվող դատապարտյալների կամ հատուկ ռեժիմի գաղութի սովորական բնակելի շենքերում պահվող դատապարտյալների տեղափոխումը խցային տիպի շենքեր և հատուկ ռեժիմի գաղութում պահվող դատապարտյալների տեղափոխումը նույն գաղութի մենախցեր կատարվում է գաղութի պետի պատճառաբանված որոշմամբ, նշելով այնտեղ պահելու ժամկետը:
Սույն օրենսգրքի 67 հոդվածի առաջին մասով նախատեսված մյուս տույժերը նշանակվում են ուղղիչ աշխատանքային հիմնարկի պետի որոշմամբ:
Ընդհանուր, ուժեղացված, խիստ և հատուկ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութներում խցային տիպի շենքեր կամ հատուկ ռեժիմի գաղութներում մենախցեր տեղափոխված` պատիժ կրող դատապարտյալները, ինչպես նաև տուգանային մեկուսարանում տեղավորված` աշխատանքի դուրս բերվող դատապարտյալները աշխատում են մյուս դատապարտյալներից անջատ:
Պատժախցում, տուգանային կամ կարգապահական մեկուսարանում գտնվելու ժամանակամիջոցում դատապարտյալներին արգելվում է` տեսակցություններ ունենալ, նամակներ ուղարկել, սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերել, ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ ստանալ, օգտվել սեղանախաղերից և ծխել: Պատժախցում և տուգանային մեկուսարանում պահվող դատապարտյալներին, բացի դրանից, անկողնու պարագաներ չեն տրվում և նրանք զբոսանքի չեն հանվում:
Կարգապահական մեկուսարաններում պահվող դատապարտյալներին ամենօրյա զբոսանք է տրվում մեկ ժամ տևողությամբ:
Պատժախցերում դատապարտյալները պահվում են միայնակ:
Դատապարտյալը կարող է իր վրա դրված տույժը գանգատարկել վերադաս պետին, սակայն գանգատ տալը չի կասեցնում տույժի գործադրումը:
Եթե տույժը կրելու օրից մեկ տարվա ընթացքում դատապարտյալը նոր տույժի չենթարկվի, նա համարվում է տույժ չունեցող:
(25.12.87, 08.11.91 խմբագրությամբ)