Հոդված 12
Հոդված 12
Օժանդակություն զոհերին
1. Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի օրենսդրական կամ այլ անհրաժեշտ միջոցներ` զոհերի ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական վերականգնմանը նպաստելու համար: Հիշյալ աջակցությունն առնվազն կներառի`
ա) նրանց գոյատևման համար անհրաժեշտ կենսապայմանները, մասնավորապես պատշաճ և ապահով կացարանը, հոգեբանական ու նյութական օգնությունը.
բ) շտապ բուժօգնություն ստանալու հնարավորությունը.
գ) անհրաժեշտության դեպքում գրավոր և բանավոր թարգմանության ծառայությունները.
դ) նրանց համար հասկանալի լեզվով խորհրդատվությունը և տեղեկատվությունը` մասնավորապես իրենց իրավունքների և իրենց համար մատչելի ծառայությունների վերաբերյալ.
ե) օժանդակությունը` օրինազանց կողմի դեմ հարուցված քրեական դատավարության համապատասխան փուլերում իրենց իրավունքներն ու շահերը ներկայացնելու և քննարկելու համար.
զ) կրթության հասանելիությունը երեխաների համար:
2. Յուրաքանչյուր Կողմ պետք է պատշաճ ուշադրություն դարձնի զոհի անվտանգությանն ու պաշտպանությանը:
3. Ի հավելումն վերոշարադրյալի` յուրաքանչյուր Կողմ պետք է անհրաժեշտ բժշկական կամ այլ տեսակի օգնություն տրամադրի իր տարածքում օրինական հիմքով բնակվող այն զոհերին, որոնք չունեն բավարար միջոցներ, և որոնց այդ օգնությունն անհրաժեշտ է:
4. Յուրաքանչյուր Կողմ պետք է ընդունի այնպիսի կանոններ, որոնց համաձայն իր տարածքում օրինական հիմքով բնակվող յուրաքանչյուր զոհի կտրվի աշխատաշուկայից օգտվելու, ինչպես նաև մասնագիտական վերապատրաստում և կրթություն ստանալու հնարավորություն:
5. Յուրաքանչյուր Կողմ, անհրաժեշտության դեպքում և համաձայն ներքին օրենսդրությամբ սահմանված կարգի, պետք է ձեռնարկի միջոցներ զոհերի աջակցության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների, այլ համապատասխան կառույցների և քաղաքացիական հասարակության այլ տարրերի հետ համագործակցելու ուղղությամբ:
6. Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի օրենսդրական կամ այլ անհրաժեշտ միջոցներ, որոնք կբացառեն որպես վկա հանդես գալու պատրաստակամության պայմանով զոհին օգնություն տրամադրելու հնարավորությունը:
7. Սույն հոդվածով սահմանված դրույթների իրականացման նպատակով յուրաքանչյուր Կողմ պետք է ապահովի, որ զոհերին ծառայությունները մատուցվեն փոխհամաձայնության և իրազեկվածության պայմաններում՝ պատշաճ ուշադրություն դարձնելով խոցելի իրավիճակում հայտնված անձանց հատուկ կարիքներին և երեխաների իրավունքներին՝ կացարանի, կրթության և առողջության պահպանման հարցերում: