Հոդված 13
Հոդված 13
Վերականգնման և խորհրդածության ժամանակաշրջան
1. Յուրաքանչյուր Կողմ պետք է, իր ներքին օրենսդրության համաձայն, սահմանի նվազագույնը 30 օր տևողությամբ վերականգնման և խորհրդածության ժամանակաշրջան, եթե ողջամիտ հիմքեր կան ենթադրելու, որ տվյալ անձը հանդիսանում է զոհ: Հիշյալ ժամանակահատվածը պետք է բավարար լինի տվյալ անձի վերականգնման ու մարդկանց շահագործմամբ (թրաֆիկինգ) զբաղվողների ազդեցությունից խուսափելու և/կամ իրավասու մարմինների հետ համագործակցության վերաբերյալ ստացված տեղեկությունների վրա հիմնված որոշում ընդունելու համար: Նշված ժամանակահատվածում չի թույլատրվում ի կատար ածել այդ անձի վտարումը որևէ եղանակով: Սույն դրույթը չի տարածվում ազգային օրենսդրությամբ սահմանված համապատասխան դատաքննության բոլոր փուլերում իրավասու մարմինների կողմից իրականացված գործողությունների, մասնավորապես հիշյալ օրինազանցությունների քննության ու դատական հետապնդման վրա: Այս ժամանակահատվածում Կողմերը թույլատրում են համապատասխան անձին գտնվել իրենց տարածքում:
2. Նշված ժամանակահատվածում սույն հոդվածի 1-ին կետում հիշատակված անձինք իրավունք ունեն օգտվելու 12-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նախատեսվող միջոցներից:
3. Կողմերը պարտավոր չեն պահպանել նշված ժամանակահատվածը, եթե դա բերում է հասարակական կարգի խախտման, կամ պարզվում է, որ զոհի կարգավիճակ ստանալու մասին պահանջը հիմնավորված չէ: