Անցնել բովանդակությանը

Հոդված 16

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16

Զոհերի հայրենադարձումը և վերադարձը

1. Այն Կողմը, որի տարածքում զոհը հանդիսանում է քաղաքացի կամ ունի մշտական բնակության իրավունք, պետք է վերջինիս` ընդունող պետության տարածք մուտք գործելու պահին, առանց չհիմնավորված կամ անհարկի ուշացման, օժանդակի նրա վերադարձին և ընդունի նրան` անհրաժեշտ ուշադրություն դարձնելով զոհի իրավունքներին, անվտանգությանն ու արժանապատվությանը:

2. Երբ Կողմերից մեկը զոհին վերադարձնում է մեկ այլ պետության, տվյալ պարագայում պետք է հարկ եղած կերպով հաշվի առնվեն այդ անձի իրավունքները, անվտանգությունն ու արժանապատվությունը, ինչպես նաև վերջինիս` զոհ լինելու փաստին առնչվող ցանկացած դատավարական ընթացակարգի կարգավիճակը, և նախընտրելի է, որ վերադարձը լինի կամավոր:

3. Ընդունող Կողմի պահանջով` մյուս Կողմը պետք է ճշտի, թե արդյոք տվյալ անձը հանդիսանում է իր քաղաքացին, թե ունեցել է ընդունող պետության տարածքում մշտական կացության իրավունք:

4. Անհրաժեշտ փաստաթղթեր չունեցող զոհի վերադարձը հեշտացնելու նպատակով այն Կողմը, որի տարածքում տվյալ անձը հանդիսանում է քաղաքացի կամ ունի մշտական կացության իրավունք, պետք է համաձայնի վերջինիս` ընդունող պետության տարածք մուտք գործելու պահին ընդունող Կողմի խնդրանքով տրամադրել ճամփորդական այնպիսի փաստաթղթեր կամ այլ թույլտվություն, որոնք տվյալ անձին հնարավորություն կտան ճամփորդել կամ կրկին մուտք գործել իր տարածք:

5. Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի օրենսդրական կամ այլ անհրաժեշտ միջոցներ հայրենադարձման ծրագրեր մշակելու համար՝ ներգրավելով համապատասխան ազգային կամ միջազգային կառույցների ու հասարակական կազմակերպությունների: Նշված ծրագրերի նպատակն է խուսափել զոհի կարգավիճակում կրկին հայտնվելու վտանգից: Յուրաքանչյուր Կողմ պետք է գործադրի հնարավոր ամեն ջանք` նպաստելու համար զոհերին վերադարձի պետության հասարակությունում վերաինտեգրմանը, այդ թվում` կրթական համակարգին և աշխատաշուկային վերաինտեգրմանը, ինչը մասնավորապես կիրականացվի վերջիններիս կողմից մասնագիտական հմտությունների ձեռքբերմամբ և կատարելագործմամբ: Երեխաների համար այդ ծրագրերը պետք է նախատեսեն կրթության իրավունքից օգտվելու հնարավորություն, ինչպես նաև ապահովեն անհրաժեշտ խնամք կամ ընդունելություն ընտանիքի կողմից կամ համապատասխան խնամքով զբաղվող կառույցներ:

6. Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի օրենսդրական կամ այլ անհրաժեշտ միջոցներ` զոհերին իրենց վերադարձի կամ հայրենադարձության երկրներում նրանց օժանդակող կառույցների մասին տեղեկատվություն տրամադրելու համար` հարկ եղած դեպքում համագործակցելով ցանկացած այլ շահագրգիռ Կողմի հետ: Հիշյալ կառույցների շարքին են դասվում իրավապահ մարմինները, հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև իրավաբանական խորհրդատվական և սոցիալական աջակցություն տրամադրող ծառայությունները:

7. Տուժած երեխաները չպետք է վերադարձվեն որևէ պետության, եթե ռիսկերի և անվտանգության խնդիրների գնահատումը հիմք է տալիս ենթադրելու, որ դա չի բխում երեխայի լավագույն շահերից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։