Հոդված 5
Հոդված 5
Մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) կանխարգելումը
1. Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի միջոցներ մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) կանխարգելման ու դրա դեմ պայքարի համար պատասխանատու տարբեր մարմինների միջև ազգային մակարդակով համակարգում հաստատելու և այն ամրապնդելու ուղղությամբ:
2. Մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) կանխարգելման նպատակով յուրաքանչյուր Կողմ պետք է մշակի և/կամ ամրապնդի արդյունավետ քաղաքականություն և ծրագրեր այնպիսի միջոցների կիրառմամբ, ինչպիսիք են` հետազոտությունները, տեղեկատվությունը, իրազեկվածության բարձրացումը, ուսուցողական նպատակներով իրականացվող քարոզարշավները, սոցիալ-տնտեսական նախաձեռնությունները և վերապատրաստման ծրագրերը` մասնավորապես մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) մեջ ներգրավվելու տեսանկյունից խոցելի անձանց և մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) խնդիրներով զբաղվող մասնագետների համար:
3. 2-րդ պարբերությունում հիշատակված քաղաքականությունն ու ծրագրերը մշակելիս, իրականացնելիս և գնահատելիս յուրաքանչյուր Կողմ պետք է հանդես գա մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև գենդերային խնդիրների առաջնայնության և երեխաների շահերի պաշտպանության դիրքերից:
4. Հարկ եղած դեպքում յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ միգրացիայի օրինականությունն ապահովելու ուղղությամբ՝ մասնավորապես համապատասխան մարմինների միջոցով տարածելով ճշգրիտ տեղեկատվություն օրինական ճանապարհով իր տարածք մուտք գործելու և այնտեղ գտնվելու պայմանների մասին:
5. Յուրաքանչյուր Կողմ կձեռնարկի հատուկ միջոցներ մարդկանց առևտրում երեխաների խոցելիությունը նվազեցնելու ուղղությամբ` մասնավորապես վերջիններիս համար ստեղծելով պաշտպանական միջավայր:
6. Հարկ եղած դեպքում սույն հոդվածին համապատասխան ձեռնարկված միջոցառումներում կներգրավվեն մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) կանխարգելման և զոհերի պաշտպանության ու աջակցության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններ, համապատասխան այլ կառույցներ և քաղաքացիական հասարակության այլ տարրեր: