Հոդված 106. Մաքսային հսկողություն իրականացնելիս մաքսային մարմինների կողմից անձանց վերաբերյալ տեղեկությունների հավաքումը
Հոդված 106. Մաքսային հսկողություն իրականացնելիս մաքսային մարմինների կողմից անձանց վերաբերյալ տեղեկությունների հավաքումը
1. Մաքսային հսկողության իրականացման նպատակով մաքսային մարմիններն իրավունք ունեն մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման հետ կապված արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող կամ մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների նկատմամբ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց վերաբերյալ տեղեկություններ հավաքելու, որոնք ներառում են տվյալներ՝
1) կազմակերպության հիմնադիրների վերաբերյալ.
2) իրավաբանական անձի պետական գրանցման կամ որպես անհատ ձեռնարկատեր պետական գրանցման վերաբերյալ.
3) ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար օգտագործվող գույքի կազմի վերաբերյալ.
4) բաց բանկային հաշիվների վերաբերյալ.
5) արտաքին տնտեսական գործունեության բնագավառում գործունեության վերաբերյալ.
6) կազմակերպության գտնվելու վայրի վերաբերյալ.
7) որպես հարկ վճարող հարկային մարմնում հաշվառվելու և հարկ վճարողի նույնականացման (գրանցման, հաշվառման) համարի վերաբերյալ.
8) մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ռեեստրում ընդգրկված անձանց վճարունակության վերաբերյալ.
9) ֆիզիկական անձանց դեպքում՝ քաղաքացիների անձնական տվյալների վերաբերյալ (ազգանուն, անուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ և վայր, սեռ, բնակության վայրի հասցե, անձը հաստատող փաստաթղթի տվյալներ, հարկ վճարողի նույնականացման (գրանցման, հաշվառման) համար (եթե առկա է)), ինչպես նաև նրանց կողմից մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման հաճախականության վերաբերյալ:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված անձինք իրավունք ունեն ծանոթանալու մաքսային մարմինների մոտ գտնվող փաստաթղթերում պարունակվող՝ իրենց մասին տեղեկություններին և ճշգրտումներ անելու այդ տեղեկություններում դրանց լիարժեքության և հավաստիության ապահովման նպատակով:
3. Անձանց մասին տեղեկությունների հավաքումը մաքսային մարմինների կողմից իրականացվում է մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների նկատմամբ մաքսային գործառնությունների իրականացման ժամանակ, ինչպես նաև նշված տեղեկությունները Մաքսային միության անդամ պետությունների այլ պետական մարմիններից ստանալու միջոցով: