Հոդված 215. Ընդհանուր դրույթներ մաքսային տարանցման վերաբերյալ
Հոդված 215. Ընդհանուր դրույթներ մաքսային տարանցման վերաբերյալ
1. Մաքսային տարանցում՝ մաքսային ընթացակարգ, որով ապրանքների տեղափոխումն իրականացվում է մաքսային հսկողության ներքո՝ Մաքսային միության մաքսային տարածքում, այդ թվում՝ Մաքսային միության անդամ չհանդիսացող պետության տարածքով, ուղարկող մաքսային մարմնի և նշանակման մաքսային մարմնի միջև՝ առանց վճարելու արգելքների և սահմանափակումների կիրառմամբ զուգակցված մաքսատուրքերը, հարկերը, բացառությամբ ոչ սակագնային և տեխնիկական կարգավորման միջոցների:
2. Մաքսային տարանցումը կիրառվում է հետևյալ ապրանքները տեղափոխելիս՝
1) օտարերկրյա ապրանքները՝ ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև մեկնման վայրի մաքսային մարմին.
2) օտարերկրյա ապրանքները՝ ժամանման վայրի մաքսային մարմնից ներքին մաքսային մարմին.
3) օտարերկրյա ապրանքները, ինչպես նաև Մաքսային միության ապրանքները, եթե դա նախատեսված է սույն հոդվածի 5-րդ կետով, ներքին մաքսային մարմնից մինչև մեկնման վայրի մաքսային մարմին.
(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)
4) օտարերկրյա ապրանքները՝ մեկ ներքին մաքսային մարմնից մեկ այլ ներքին մաքսային մարմին.
5) Մաքսային միության ապրանքները մեկնման վայրի մաքսային մարմնից մինչև ժամանման վայրի մաքսային մարմին Մաքսային միության անդամ չհանդիսացող պետության տարածքով:
3. Մաքսային տարանցում չի կիրառվում այն ապրանքների դեպքում, որոնք տեղափոխվում են օդային տրանսպորտով, եթե միջազգային չվերթ իրականացնելիս օդանավը ժամանման վայրում կատարում է միջանկյալ կամ հարկադիր (տեխնիկական) վայրէջք՝ առանց ապրանքների մասնակի բեռնաթափման (դատարկման):
Միջազգային փոստային առաքանիով, փոխողովակաշարային տրանսպորտով և էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների դեպքում մաքսային տարանցում կիրառվում է՝ հաշվի առնելով սույն Օրենսգրքով սահմանված առանձնահատկությունները:
Մաքսային միության մաքսային տարածքով երկաթուղային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների դեպքում մաքսային տարանցման առանձնահատկությունները սահմանվում են Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրով:
Մաքսային միության միայն մեկ անդամ պետության տարածքով ծովային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ կետի 2-րդ և 4-րդ ենթակետերին համապատասխան ապրանքների տեղափոխման դեպքում՝ մաքսային տարանցման առանձնահատկությունները կարող են սահմանվել Մաքսային միության այդ պետության օրենսդրությամբ:
(չորրորդ մասն ավելացվել է 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)
4. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացնում են սույն Օրենսգրքի 186-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերում նշված անձինք:
5. «Արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները Մաքսային միության մաքսային տարածքով տեղափոխվում են առանց «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվելու, եթե այլ բան նախատեսված չէ սույն Օրենսգրքով և (կամ) Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ:
6. Սույն գլխի կիրառման նպատակներով՝ միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոց ասելով ենթադրվում է նաև այնպիսի տրանսպորտային միջոց, որով ապրանքները տեղափոխվում են Մաքսային միության մաքսային տարածքում՝ դուրս չգալով դրա սահմաններից: