Հոդված 91. Ընդհանուր դրույթներ մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման վերաբերյալ
Հոդված 91. Ընդհանուր դրույթներ մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման վերաբերյալ
1. Սահմանված ժամկետներում մաքսատուրքերի, հարկերի չվճարման կամ ոչ լրիվ վճարման դեպքում մաքսային մարմինների կողմից մաքսատուրքերը, հարկերը հարկադիր կարգով բռնագանձվում են վճարողի դրամական միջոցների (դրամի) և (կամ) այլ գույքի հաշվին, այդ թվում՝ մաքսատուրքերի, հարկերի՝ հաշվարկվածից ավելի վճարված գումարների և (կամ) կանխավճարների գումարների հաշվին, ինչպես նաև մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման հաշվին, եթե այլ բան սահմանված չէ Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրով:
(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)
Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման այլ հնարավորություններ, այդ թվում՝ այն ապրանքների արժեքի հաշվին, որոնց համար մաքսատուրքեր, հարկեր չեն վճարվել:
2. Մաքսատուրքերի, հարկերի բռնագանձում չի իրականացվում՝
1) չվճարված մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման համար Մաքսային միության այն անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված ժամկետը լրանալու դեպքում, որի մաքսային մարմնի կողմից իրականացվում է մաքսատուրքերի, հարկերի բռնագանձումը.
2) եթե սույն Օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան դադարել է մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը:
3. Չվճարված մաքսատուրքերի, հարկերի բռնագանձումն իրականացվում է Մաքսային միության այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որի մաքսային մարմնի կողմից իրականացվում է մաքսատուրքերի, հարկերի բռնագանձումը:
4. Վճարողի կողմից սույն Օրենսգրքով սահմանված ժամկետում մաքսատուրքերը, հարկերը չվճարելու կամ ոչ լրիվ վճարելու դեպքում վճարվում են տույժեր: Տույժերի հաշվեգրման, վճարման, բռնագանձման և վերադարձման կարգը սահմանվում է Մաքսային միության այն անդամ պետության օրենսդրությամբ, որի մաքսային մարմնի կողմից իրականացվում է մաքսատուրքերի, հարկերի բռնագանձումը: