Հոդված 85. Մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման ընդհանուր պայմանները
Հոդված 85. Մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման ընդհանուր պայմանները
1. Մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարումն ապահովվում է հետևյալ դեպքերում՝
1) «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների տեղափոխում.
2) մաքսատուրքերի, հարկերի վճարման ժամկետների փոփոխություն, եթե դա նախատեսված է Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերով և (կամ) օրենսդրությամբ.
3) ապրանքների՝ «մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպում.
4) սույն Օրենսգրքի 198-րդ հոդվածին համապատասխան ապրանքների բացթողման ժամանակ.
5) սույն Օրենսգրքով, Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերով և (կամ) օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:
2. Մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում չի տրամադրվում՝
1) եթե վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի և տոկոսների գումարի չափը չի գերազանցում 500 (հինգ հարյուր) եվրոյին համարժեք գումարը՝ հաշվարկված Մաքսային միության՝ մաքսատուրքերը, հարկերը վճարման ենթակա անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված՝ մաքսային հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ, իսկ եթե մաքսային հայտարարագիր չի ներկայացվում՝ ապահովում չտրամադրելու մասին որոշման ընդունման օրվա դրությամբ գործող փոխարժեքներով.
2) սույն Օրենսգրքով և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:
3. Մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովումը տրվում է վճարողի կողմից, իսկ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների տեղափոխման դեպքում՝ նաև վճարողի փոխարեն այլ անձի կողմից, եթե այդ անձը տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունք ունի ապրանքների նկատմամբ, որոնց համար տրվում է մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում, եթե այլ բան սահմանված չէ սույն Օրենսգրքով:
4. Մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովումը տրամադրվում է այն մաքսային մարմնին, որն իրականացնում է ապրանքների բացթողումը, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ կետում, սույն Օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ մասում և 3-րդ գլխում նշված դեպքերի:
5. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների տեղափոխման ժամանակ մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովումը կարող է տրամադրվել ուղարկող մաքսային մարմնին կամ նշանակման մաքսային մարմնին, եթե Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ որոշված չէ այլ մաքսային մարմին, որին կարող է տրամադրվել համալիր ապահովումը:
(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)
Մաքսային մարմինները փոխադարձ ճանաչում են մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովումն ընդունած մաքսային մարմնի կողմից տրված փաստաթուղթը, որով հաստատվում է այդ ապահովման ընդունումը: Այդ փաստաթղթի տրամադրման կարգը և դրա ձևը, ինչպես նաև գործողության ժամկետը որոշվում են Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրով:
6. Մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովումը վերադարձվում (հաշվանցվում) է, եթե մաքսային մարմինը հավաստիանում է ապահովված պարտավորությունների կատարման մեջ, կամ երբ ապահովված պարտավորությունը չի առաջացել: