Հոդված 368. Անցումային դրույթներ մաքսային գործառնությունների իրականացման առանձնահատկությունների վերաբերյալ
Հոդված 368. Անցումային դրույթներ մաքսային գործառնությունների իրականացման առանձնահատկությունների վերաբերյալ
1. Մինչև մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագիրն ուժի մեջ մտնելը, որով թույլատրվում է ապրանքների մասին հայտարարագիրը ներկայացնել Մաքսային միության մաքսային տարածքում ցանկացած մաքսային մարմին՝
ապրանքների մասին հայտարարագիրը ներկայացվում է Մաքսային միության այն անդամ պետության մաքսային մարմին, որի օրենսդրությանը համապատասխան ստեղծվել է, գրանցվել է, կամ որի տարածքում մշտական հիմունքներով բնակվում է ապրանքների հայտարարատու հանդիսացող անձը՝ բացառությամբ սույն Օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ ենթակետում նշված դեպքերի.
Մաքսային միության անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունները, հյուպատոսական հիմնարկները, այլ պաշտոնական ներկայացուցչությունները և միջազգային կազմակերպությունները ապրանքների մասին հայտարարագիրը ներկայացնում են Մաքսային միության այն անդամ պետության մաքսային մարմին, որի տարածքում են գտնվում իրենք:
2. Մաքսային վերահսկողության ներքո ժամանակավոր պահպանության տակ գտնվող ապրանքների նկատմամբ, սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ, կիրառվում են սույն Օրենսգրքի 25-րդ գլխի դրույթները՝ հաշվի առնելով սույն կետի երկրորդ մասը:
Ժամանակավոր պահպանության տակ գտնվող ապրանքների ժամանակավոր պահպանության ժամկետը, սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ, հաշվարկվում է այդ ապրանքները ժամանակավոր պահպանության հանձնելու օրվանից՝ Մաքսային միության այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում իրականացվում է այդ պահպանությունը:
3. Սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ՝ մաքսային վերահսկողության ներքո ժամանակավոր պահպանության տակ գտնվող ապրանքների համար ապրանքների մասին հայտարարագիրը պետք է ներկայացվի մաքսային մարմին մինչև ժամանակավոր պահպանության ժամկետի լրանալը, որը հաշվարկվում է այդ ապրանքները ժամանակավոր պահպանության հանձնելու ամսաթվից Մաքսային միության այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում իրականացվում է այդ պահպանությունը:
4. Այն ապրանքները, որոնց մասին մաքսային հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից ընդունվել (գրանցվել) է մինչև սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը, ենթակա են հայտագրված մաքսային ռեժիմով ձևակերպման՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանված կարգով և պայմաններով՝ մաքսային մարմնի կողմից այդ մաքսային հայտարարագիրն ընդունելու (գրանցելու) օրվա դրությամբ: