Հոդված 33. Անմաքս առևտրի խանութի տիրապետողը
Հոդված 33. Անմաքս առևտրի խանութի տիրապետողը
1. Անմաքս առևտրի խանութի տիրապետողը Մաքսային միության անդամ պետության իրավաբանական անձ է, որը բավարարում է սույն Օրենսգրքի 34-րդ հոդվածով սահմանված պայմանները:
Իրավաբանական անձը որպես անմաքս առևտրի խանութի տիրապետող ճանաչվում է անմաքս առևտրի խանութների տիրապետողների ռեեստրում ընդգրկվելուց հետո:
Անմաքս առևտրի խանութների տիրապետողների ռեեստրում ընդգրկելու և այդ ռեեստրից հանելու կարգը սահմանվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:
Անմաքս առևտրի խանութների տիրապետողների ռեեստրում ընդգրկված իրավաբանական անձանց՝ որպես անմաքս առևտրի խանութների տիրապետողների գործունեության կասեցման և վերսկսման դեպքերը և կարգը կարող են սահմանվել Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:
(չորրորդ մասն ավելացվել է 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)
2. Անմաքս առևտրի խանութի տիրապետողն իրականացնում է «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների պահպանությունը և մանրածախ վաճառքը Մաքսային միության մաքսային տարածքից մեկնող ֆիզիկական անձանց, ինչպես նաև օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին, դրանց հավասարեցված՝ միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին, հյուպատոսական հիմնարկներին կամ դիվանագիտական գործակալներին, հյուպատոսական պաշտոնատար անձանց և նրանց հետ համատեղ ապրող իրենց ընտանիքների անդամներին:
(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)
3. Մաքսային մարմինները՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով, վարում են անմաքս առևտրի խանութների տիրապետողների ռեեստրը և ապահովում դրա կանոնավոր հրապարակումը եռամսյակը մեկ անգամից ոչ պակաս հաճախականությամբ, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ:
(3-րդ կետը՝ 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)