Հոդված 220. Ապրանքները տեղ հասցնելու վայրը
Հոդված 220. Ապրանքները տեղ հասցնելու վայրը
1. Մաքսային տարանցման ժամանակ ապրանքները տեղ հասցնելու վայրը որոշում է ուղարկող մաքսային մարմինը՝ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում նշված նշանակման կետի մասին տեղեկությունների հիման վրա:
Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված դեպքերում ուղարկող մաքսային մարմինն իրավունք ունի սահմանել տեղ հասցնելու վայրեր՝ անկախ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում նշված տեղեկություններից:
Ապրանքները տեղ հասցնելու վայր է համարվում նշանակման մաքսային մարմնի գործունեության տարածքում գտնվող մաքսային հսկողության գոտին: Ընդ որում, ժամանման վայրից փոխադրվող ապրանքները հասցվում են մաքսային մարմնի գտնվելու վայր, եթե այլ բան սահմանված չէ սույն Օրենսգրքով:
Երկաթուղային տրանսպորտով տեղափոխվող ապրանքները տեղ հասցնելու վայր է համարվում նշանակման կայարանի (մերձատար ուղիների) մաքսային հսկողության գոտին:
2. Այն դեպքում, երբ մաքսային տարանցման ժամանակ նշանակման կետը փոփոխվում է Մաքսային միության անդամ պետությունների՝ տրանսպորտի ոլորտի օրենսդրությանը համապատասխան, փոխադրողն իրավունք ունի դիմելու մաքսային մարմին՝ ապրանքները տեղ հասցնելու վայրի փոփոխության խնդրանքով: Ընդ որում, փոխադրողն իր ընթացուղում գտնվող ցանկացած մաքսային մարմին է ներկայացնում ազատ ոճով կազմված՝ նշանակման կետի փոփոխության մասին դիմում, նշանակման կետի փոփոխությունը հաստատող փաստաթղթեր, ինչպես նաև ապրանքների մասին տարանցիկ փոխադրման հայտարարագիր և այլ փաստաթղթեր:
Ապրանքները տեղ հասցնելու վայրի փոփոխության մասին որոշումը մաքսային մարմնի կողմից ընդունվում է ոչ ուշ, քան սույն կետի առաջին մասում նշված դիմումները և փաստաթղթերը ստանալու օրվան հաջորդող օրը: Նշված որոշումը ձևակերպվում է այն ապրանքների համար «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի եզրափակման միջոցով, որոնց տեղ հասցնելու վայրը փոփոխվել է, ինչպես նաև տարանցիկ փոխադրման նոր հայտարարագիր ձևակերպելու միջոցով: Ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվում են այն օրը, երբ մաքսային մարմինն ընդունում է ապրանքները տեղ հասցնելու վայրի փոփոխության մասին որոշում: