Հոդված 354. Անձնական օգտագործման ապրանքների համար իրականացվող մաքսային գործառնությունները
Հոդված 354. Անձնական օգտագործման ապրանքների համար իրականացվող մաքսային գործառնությունները
1. Մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների համար իրականացվող մաքսային գործառնություններն իրականացվում են սույն Օրենսգրքով սահմանված կարգով և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրով:
2. Անձնական օգտագործման նպատակով ապրանքների համար մաքսային գործառնություններն իրականացվում են՝ Մաքսային միության մաքսային տարածք ժամանման կամ այդ տարածքից մեկնման վայրերում տեղաշարժման եղանակներից ելնելով կամ Մաքսային միության անդամ պետության մաքսային մարմնում, որի տարածքում մշտական (կամ ժամանակավոր) հիմունքներով բնակվում է այդ ապրանքների համար որպես հայտարարատու հանդես գալու իրավունք ունեցող ֆիզիկական անձը:
3. Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներով կամ գնացքով անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման դեպքում, մաքսային մարմինների կողմից այդ անձանց հնարավորություն է ընձեռվում մաքսային գործառնություններն իրականացնել՝ չհեռանալով այդ տրանսպորտային միջոցներից՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է Մաքսային միության մաքսային օրենսդրության դրույթները պահպանելու համար:
(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)
4. Անձնական օգտագործման ապրանքները, մաքսային սահմանով տեղափոխելու ժամանակ, ենթակա են մաքսային հայտարարագրման սույն Օրենսգրքի 355-րդ հոդվածին համապատասխան և անձնական օգտագործման համար բացթողման առանց սույն Օրենսգրքով նախատեսված մաքսային ընթացակարգերով ձևակերպելու: Անձնական օգտագործման ապրանքների բացթողման հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման կարգը սահմանվում է Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ:
Անձնական օգտագործման ապրանքներ տեղափոխող անձի ցանկությամբ այդ ապրանքների համար կարող են իրականացվել մաքսային գործառնություններ՝ կապված դրանք ժամանակավոր պահպանության հանձնելու, սույն Օրենսգրքին համապատասխան դրանք մաքսային ընթացակարգերով ձևակերպելու, ինչպես նաև Մաքսային միության մաքսային տարածքից դրանք արտահանելու հետ, եթե դրանք դուրս չեն եկել ժամանման վայրից:
Սույն կետի առաջին և երկրորդ մասերում նշված մաքսային գործառնությունները չիրականացնելու դեպքում՝ ապրանքները ենթակա են վերցման (արգելապահման)՝ սույն Օրենսգրքի 21-րդ գլխին համապատասխան:
(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)
5. Մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ մաքսային հսկողությունն իրականացվում է սույն Օրենսգրքին համապատասխան և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրով: