Անցնել բովանդակությանը
Գլուխ 8 ·

Հոդված 69. Լրացուցիչ ստուգման անցկացումը

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 69. Լրացուցիչ ստուգման անցկացումը

1. Մինչև ապրանքների բացթողումը դրանց մաքսային արժեքի հսկողության իրականացման ժամանակ մաքսային մարմնի կողմից փաստերի հայտնաբերման դեպքում, որոնք վկայում են այն մասին, որ ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկությունները կարող են լինել ոչ հավաստի, կամ ներկայացված տեղեկությունները պատշաճ կերպով չեն հաստատվել, մաքսային մարմինը՝ սույն Օրենսգրքին համապատասխան, անցկացնում է լրացուցիչ ստուգում, որի անցկացման ժամկետը և կարգը սահմանվում է Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ:

Այդ դեպքում մաքսային մարմնի կողմից ընդունվում է լրացուցիչ ստուգում անցկացնելու մասին որոշում, ինչի մասին իրազեկվում է հայտարարատուն: Մաքսային մարմնի որոշումը պետք է հիմնավորված լինի և պարունակի այն կոնկրետ փաստերի ցանկը, որոնք վկայում են այն մասին, որ ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկությունները կարող են լինել ոչ հավաստի, կամ ներկայացված տեղեկությունները պատշաճ կերպով չեն հաստատվել: Լրացուցիչ ստուգում անցկացնելու վերաբերյալ որոշման մասին իրազեկման կարգը, ժամկետները և ձևը սահմանվում են Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ:

Ապրանքների մաքսային արժեքի հսկողությունը համարվում է անավարտ՝ մինչև լրացուցիչ ստուգման արդյունքներով ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ մաքսային մարմնի կողմից որոշում կայացնելը:

2. Եթե լրացուցիչ ստուգումը չի կարող անցկացվել ապրանքների բացթողման համար սույն Օրենսգրքի 196-րդ հոդվածով սահմանված ժամկետներում, ապա լրացուցիչ ստուգման մասին որոշումը հիմք չի հանդիսանում ապրանքների բացթողումը մերժելու համար: Ապրանքների բացթողումն իրականացվում է հայտարարատուի կողմից մաքսատուրքերի, հարկերի՝ սույն Օրենսգրքի 88-րդ հոդվածին համապատասխան մաքսային մարմնի կողմից սահմանված վճարման ապահովում տրամադրվելու պայմանով:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

3. Ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ ներկայացված տեղեկությունների լրացուցիչ ստուգման նպատակով մաքսային մարմինն իրավունք ունի հայտարարատուից պահանջելու լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկություններ և սահմանելու դրանց ներկայացման ժամկետ, որը պետք է բավարար լինի դրա համար, բայց չգերազանցի սույն Օրենսգրքի 170-րդ հոդվածով սահմանված ժամկետը:

Հայտարարատուն պարտավոր է ներկայացնել մաքսային մարմնի կողմից պահանջվող լրացուցիչ փաստաթղթերը և տեղեկությունները կամ գրավոր ներկայացնել այն պատճառների բացատրությունը, որոնց հիման վրա դրանք չեն կարող ներկայացվել:

Հայտարարատուն իրավունք ունի ապացուցելու ապրանքների մաքսային արժեքի որոշման՝ իր կողմից ընտրված մեթոդի կիրառության իրավաչափությունը և իր կողմից ներկայացված փաստաթղթերի ու տեղեկությունների հավաստիությունը:

4. Եթե հայտարարատուն չի ներկայացնում մաքսային մարմնի կողմից պահանջվող փաստաթղթերը, տեղեկությունները և (կամ) դրանք չներկայացնելու համար հիմք հանդիսացող պատճառների բացատրությունը, կամ այդ փաստաթղթերով և տեղեկություններով չեն վերանում լրացուցիչ ստուգում անցկացնելու՝ սույն հոդվածի 1-ին կետում նշված հիմքերը, ապա մաքսային մարմինը՝ լրացուցիչ ստուգման արդյունքներով, ապրանքների հայտագրված մաքսային արժեքի ճշգրտման մասին որոշում է կայացնում այն տեղեկությունների հիման վրա, որոնք գտնվում են իր տնօրինության տակ և համապատասխանում են Մաքսային միության անդամ պետությունների՝ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքի որոշման հետ կապված հարցերը կարգավորող միջազգային պայմանագրի պահանջներին:

5. Եթե լրացուցիչ ստուգման արդյունքներով մաքսային մարմնի կողմից որոշում է կայացվում ապրանքների՝ հայտարարատուի կողմից հայտագրված մաքսային արժեքի ընդունման մասին, ապա ապահովման գումարների վերադարձը (հաշվանցումն) իրականացվում է սույն Օրենսգրքի 90-րդ հոդվածին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։