Հոդված 109. Ապրանքների և տրանսպորտային միջոցների, շինությունների և այլ վայրերի նույնականացումը
Հոդված 109. Ապրանքների և տրանսպորտային միջոցների, շինությունների և այլ վայրերի նույնականացումը
1. Մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքները, այն տրանսպորտային միջոցները, շինությունները, տարողությունները և այլ վայրերը, որտեղ գտնվում են կամ կարող են գտնվել մաքսային հսկողության ենթակա ապրանքներ, կարող են նույնականացվել մաքսային մարմինների կողմից:
Նույնականացումն իրականացվում է կապարակնիքների, կնիքների, թվային, տառային և այլ դրոշմավորման, նույնականացնող նշանների կիրառման, դրոշմներ դնելու, փորձանմուշներ և նմուշներ վերցնելու, ապրանքների մանրամասն նկարագրության, գծագրեր կազմելու, մասշտաբային պատկերների, լուսանկարների, իլյուստրացիաների պատրաստման, ապրանքներն ուղեկցող և այլ փաստաթղթերի օգտագործման միջոցով և այլ միջոցներով:
2. Նույնականացնող միջոցների կիրառման կարգը և դրանց պատրաստմանը ներկայացվող պահանջները սահմանվում են Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:
(2-րդ կետը՝ 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)
3. Որպես մաքսային նպատակներով կիրառվող նույնականացման միջոցներ կարող են ճանաչվել այն կապարակնիքները, կնիքները կամ նույնականացման այլ միջոցները, որոնք կիրառվում են օտարերկրյա պետությունների մաքսային մարմինների կողմից, ինչպես նաև ապրանքներն ուղարկողների կամ փոխադրողների կողմից:
4. Նույնականացման միջոցները կարող են փոփոխվել, հեռացվել կամ վերացվել միայն մաքսային մարմինների կողմից կամ նրանց թույլտվությամբ՝ բացառությամբ ապրանքների ոչնչացման, անվերադարձ կորստի կամ շոշափելի փչացման իրական վտանգի առկայության դեպքերի: Մաքսային մարմինն անհապաղ պետք է տեղեկացվի նույնականացման միջոցների փոփոխման, հեռացման կամ վերացման մասին, և պետք է ներկայացվեն նշված վտանգների գոյության ապացույցները:
Նույնականացման միջոցների փոփոխման, հեռացման, վերացման կամ փոխարինման մասին մաքսային մարմինների կողմից կազմվում է ակտ՝ Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ սահմանվող ձևով: