Հոդված 135. Ստուգման ենթակա անձի իրավունքներն ու պարտականությունները մաքսային ստուգում անցկացնելիս
Հոդված 135. Ստուգման ենթակա անձի իրավունքներն ու պարտականությունները մաքսային ստուգում անցկացնելիս
1. Մաքսային ստուգում անցկացնելիս ստուգման ենթակա անձն իրավունք ունի՝
1) մաքսային մարմիններից պահանջելու և ստանալու տեղեկություններ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրության այն դրույթների մասին, որոնք վերաբերում են արտագնա մաքսային ստուգումների անցկացման կարգին.
2) ներկայացնելու իր տրամադրության տակ եղած բոլոր փաստաթղթերն ու տեղեկությունները, որոնք հաստատում են ապրանքների բացթողման փաստը, ինչպես նաև Մաքսային միության մաքսային օրենսդրության և Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրության դրույթների պահպանումը.
3) բողոքարկելու մաքսային մարմինների որոշումներն ու գործողությունները (անգործությունը) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով.
4) օգտվելու այլ իրավունքներից, որոնք նախատեսված են Մաքսային միության օրենսդրությամբ և Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:
2. Մաքսային ստուգում անցկացնելիս ստուգման ենթակա անձը պարտավոր է՝
1) ներկայացնել այն ապրանքները, որոնց նկատմամբ անցկացվում է մաքսային ստուգում.
2) մաքսային մարմնի պահանջով, սահմանված ժամկետներում ներկայացնել տեղեկություններ ու փաստաթղթեր թղթային կրիչով՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ տեղեկակրի վրա են դրանք գտնվում.
3) ապահովել արտագնա մաքսային ստուգում անցկացնող պաշտոնատար անձանց անարգել մուտքը ստուգման ենթակա անձի օբյեկտներ և տրամադրել նրանց աշխատանքային տարածք.
4) ստացման մասին նշում կատարել մաքսային ստուգում անցկացնելու մասին (ստուգում նշանակելու մասին ակտի) որոշման (կարգադրագրի) բնօրինակի վրա.
5) եթե մաքսային ստուգման նպատակների համար անհրաժեշտ փաստաթղթերը կազմված են Մաքսային միության անդամ պետության պետական լեզվից բացի, մեկ այլ լեզվով, մաքսային մարմնի՝ ստուգում անցկացնող պաշտոնատար անձանց տրամադրել նշված փաստաթղթերի թարգմանությունը.
6) մաքսային ստուգում անցկացնելու մասին (ստուգում նշանակելու մասին ակտի) որոշումը (կարգադրագիրը) ստանալուց ոչ ուշ, քան երկու օրացուցային օրվա ընթացքում որոշել այն անձանց շրջանակը, որոնք պատասխանատու են մաքսային մարմնի՝ ստուգում անցկացնող պաշտոնատար անձանց տեղեկություններ տրամադրելու համար.
7) կատարել այլ պարտականություններ, որոնք նախատեսված են Մաքսային միության օրենսդրությամբ և Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ: