Հոդված 73. Կանխավճարները
Հոդված 73. Կանխավճարները
1. Կանխավճարներ են համարվում առաջիկայում վճարման ենթակա արտահանման մաքսատուրքերի, հարկերի, մաքսավճարների հաշվին մուծվող և վճարողի կողմից կոնկրետ ապրանքների համար արտահանման մաքսատուրքերի, հարկերի, մաքսավճարների կոնկրետ տեսակների և գումարների կտրվածքով չհստակեցված դրամական միջոցները (դրամը), եթե այդպիսի վճարներ նախատեսված են Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:
(1-ին կետը՝ 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)
2. Կանխավճարները վճարվում են Մաքսային միության այն անդամ պետության արժույթով, որի տարածքում այդ վճարները նախատեսվում են օգտագործվել մաքսային վճարների վճարման նպատակով:
3. Որպես կանխավճար վճարված դրամական միջոցները (դրամը) համարվում են կանխավճարները վճարած անձի սեփականությունը, և չեն կարող դիտվել որպես մաքսային վճարներ կամ որպես մաքսավճարների, հարկերի ապահովում վճարված դրամական միջոցներ (դրամ) այնքան ժամանակ, մինչև անձն այդ մասին կարգադրություն չտա մաքսային մարմնին, կամ մաքսային մարմնի կողմից բռնագանձում չտարածվի կանխավճարների վրա: Որպես կանխավճարներ վճարած անձի կարգադրություն է համարվում նրա կողմից կամ նրա անունից մաքսային հայտարարագիր, կանխավճարների վերադարձման մասին դիմում ներկայացնելը կամ այլ գործողություններ կատարելը, որոնք վկայում են այդ անձի՝ իր դրամական միջոցները (դրամը) որպես մաքսային վճարներ կամ որպես մաքսավճարների, հարկերի վճարման ապահովում օգտագործելու մտադրության մասին:
(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)
4. Վճարողի պահանջով մաքսային մարմինը հաշվետվություն է ներկայացնում որպես կանխավճար վճարված դրամական միջոցների (դրամի) ծախսումների վերաբերյալ, սակայն Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ՝ կանխավճարները վերադարձնելու համար սահմանված ժամկետը չգերազանցող ժամկետի համար:
Հաշվետվությունը ներկայացվում է գրավոր՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:
5. Կանխավճարների վերադարձն իրականացվում է սույն Օրենսգրքի 90-րդ հոդվածին համապատասխան:
Կանխավճարների չպահանջված գումարների տնօրինումն իրականացվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:
6. Կանխավճարների վճարման ձևերը սահմանվում են Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:
(6-րդ կետն ավելացվել է 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրությամբ)