Հոդված 182. Տարանցիկ փոխադրման հայտարարագիրը
Հոդված 182. Տարանցիկ փոխադրման հայտարարագիրը
1. Ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս՝ ուղարկող մաքսային մարմին է ներկայացվում տարանցիկ փոխադրման հայտարարագիր:
2. Որպես տարանցիկ փոխադրման հայտարարագիր կարող են ներկայացվել տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթեր, առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր, այդ թվում՝ միջազգային պայմանագրերով սահմանված փաստաթղթեր, որոնք պարունակում են սույն հոդվածի 3-րդ կետում նշված տեղեկությունները:
3. Տարանցիկ փոխադրման հայտարարագիրը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝
1) ապրանքներն ուղարկողը, ստացողը՝ տրասնպորտային (փոխադրման) փաստաթղթերին համապատասխան.
2) ապրանքներն ուղարկող երկիրը, նշանակման երկիրը.
3) հայտարարատուն.
4) փոխադրողը.
5) միջազգային փոխադրում իրականացնող այն տրանսպորտային միջոցը, որով տեղափոխվում են ապրանքները.
6) ապրանքների անվանումները, քանակը, արժեքները՝ տրասնպորտային (փոխադրման) փաստաթղթերին համապատասխան.
7) ապրանքների ծածկագիրը՝ նվազագույնը առաջին վեց նիշերով՝ Ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակեցված համակարգին կամ Արտաքին առևտրային գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան.
8) ապրանքների համաքաշը կամ ծավալը, ինչպես նաև ապրանքների քանակը՝ արտահայտված չափման այլ միավորներով (այդպիսի տեղեկությունների առկայության դեպքում)՝ ըստ Արտաքին առևտրային գործունեության ապրանքային անվանացանկի կամ Ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակեցված համակարգի յուրաքանչյուր ծածկագրի.
9) բեռնատեղիների քանակը.
10) ապրանքների նշանակման կետը՝ տրասնպորտային (փոխադրման) փաստաթղթերին համապատասխան.
11) մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման հետ կապված սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթերը, եթե այդ փաստաթղթերի առկայության դեպքում թույլատրվում է այդպիսի տեղափոխում.
12) ճանապարհին ապրանքների նախատեսված փոխաբեռնման կամ այլ բեռնային գործողությունները:
Եթե սույն հոդվածի 2-րդ կետում նշված՝ որպես տարանցիկ փոխադրման հայտարարագիր ընդունվող փաստաթղթերը չեն պարունակում սույն կետում նշված բոլոր տեղեկությունները, ապա թերի տեղեկությունները պետք է ներառվեն մաքսային մարմին ներկայացվող տարանցիկ փոխադրման հայտարարագրին կից կամ դրանք ուղեկցող փաստաթղթերում:
(երկրորդ մասն ավելացվել է 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրությամբ)
4. Մաքսային մարմինն իրավունք չունի հայտարարատուից պահանջելու ներկայացնել սույն հոդվածի 3-րդ կետում նշված տեղեկություններից բացի այլ տեղեկություններ:
5. Հանվել է 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրությամբ:
6. Տարանցիկ փոխադրման հայտարարագիրը գրանցվում է մաքսային մարմնի կողմից՝ օգտագործելով նաև մաքսային մարմինների կողմից կիրառվող տեղեկատվական համակարգերը և տեղեկատվական տեխնոլոգիաները:
Տարանցիկ փոխադրման հայտարարագրի ներկայացման և գրանցման կարգը սահմանվում է Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ: