Անցնել բովանդակությանը
Գլուխ 49 ·

Հոդված 355. Անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրումը

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 355. Անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրումը

1. Անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով ուղևորվելու ժամանակ՝ ապրանքները մաքսային մարմին ներկայացնելու հետ միաժամանակ:

2. Գրավոր մաքսային հայտարարագրման ենթակա են՝

1) անձնական օգտագործման ապրանքները, որոնք տեղափոխվում են չուղեկցվող ուղեբեռում կամ փոխադրողի կողմից տեղ են հասցվում ֆիզիկական անձի հասցեով.

2) անձնական օգտագործման ապրանքները, որոնք տեղափոխվում են ցանկացած եղանակով և որոնց նկատմամբ կիրառվում են արգելքներ և սահմանափակումներ՝ բացառությամբ ոչ սակագնային և տեխնիկական կարգավորման միջոցների.

3) անձնական օգտագործման ապրանքները, որոնք տեղափոխվում են ցանկացած եղանակով, այդ թվում՝ ժամանակավոր ներմուծվող ապրանքները, որոնց արժեքը և (կամ) քանակը գերազանցում է այն ապրանքների տեղափոխման նորմերը, որոնք ազատված են Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրով սահմանված մաքսային վճարների վճարումից.

4) անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները, որոնք տեղաշարժվում են ցանկացած եղանակով՝ բացառությամբ Մաքսային միության անդամ պետությունների տարածքում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների, որոնք ժամանակավոր արտահանվում են Մաքսային միության մաքսային տարածքից և հետ են ներմուծվում այդ տարածք.

5) Մաքսային միության անդամ պետությունների արժույթը, արժեթղթերը և (կամ) արժութային արժեքները, ճանապարհային չեկերը՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ և (կամ) միջազգային պայմանագրով սահմանված դեպքերում.

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

6) մշակութային արժեքները.

7) ուղեկցվող ուղեբեռում ներմուծվող անձնական օգտագործման ապրանքները, եթե դրանք տեղափոխող ֆիզիկական անձն ունի չուղեկցվող ուղեբեռ.

8) Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ սահմանված մյուս ապրանքները:

3. Անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է գրավոր ձևով՝ օգտագործելով ուղևորային մաքսային հայտարարագիրը:

Ուղևորային մաքսային հայտարարագրի ձևը, դրա լրացման, ներկայացման և գրանցման կարգը սահմանվում է Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ:

4. Ցանկության դեպքում՝ ֆիզիկական անձն իրավունք ունի հայտարարագրել անձնական օգտագործման ապրանքները, որոնք ենթակա չեն գրավոր մաքսային հայտարարագրման՝ օգտագործելով ուղևորային մաքսային հայտարարագիրը:

5. 16 տարին չլրացած ֆիզիկական անձի անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է նրան ուղեկցող անձի կողմից (տվյալ անձի ծնողներից որևէ մեկի, որդեգրողի, խնամակալի կամ հոգաբարձուի կողմից, նրան ուղեկցող այլ անձի կողմից կամ, ուղեկցող անձանց բացակայության դեպքում, փոխադրողի ներկայացուցչի կողմից, իսկ առանց ծնողների, որդեգրողների, խնամակալների կամ հոգաբարձուների ուղեկցությամբ անչափահաս տարիքի անձանց խմբի կազմակերպված մեկնման (ժամանման) դեպքում՝ այլ անձանց՝ խմբի ղեկավարի կամ փոխադրողի ներկայացուցչի կողմից):

6. Մաքսային սահմանով մահացածների մարմիններով (մասունքներով) դագաղների և աճյունով (մոխրով) աճյունասափորների տեղափոխման դեպքում՝ մաքսային հայտարարագրումն իրականացվում է մահացած անձի մարմնով (մասունքներով) դագաղը կամ աճյունով (մոխրով) աճյունասափորը ուղեկցող անձի կողմից ազատ ձևով շարադրված դիմումի ներկայացմամբ՝ նաև ներկայացնելով սույն կետի երկրորդ և երրորդ մասերում նշված փաստաթղթերը:

Մաքսային միության մաքսային տարածքից մահացածների աճյունով (մոխրով) աճյունասափորների և մարմիններով (մասունքներով) դագաղների դուրսհանման դեպքում ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

Մաքսային միության անդամ պետությունների քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար սահմանված կարգով քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժինների կողմից տրվող մահվան վկայականը կամ մահվան փաստը հավաստող բժշկական վկայականը կամ նշված փաստաթղթերի նոտարական կարգով վավերացված պատճենները.

ազատ ձևով շարադրված՝ տվյալ վայրի պետական սանիտարական հսկողություն իրականացնող մարմինների եզրակացությունը՝ վերահուղարկավորման դեպքում արտաշիրիմելու հնարավորության մասին.

ցինկապատ դագաղների զոդակցման արարողակարգային ծառայություններ իրականացնող մասնագիտացված կազմակերպությունների կողմից ազատ ոճով շարադրված ակտը (տեղեկանքը)՝ նշումով, որ դրանցում բացակայում են կողմնակի իրերը և կցելով մահացածի իրերի և թանկարժեք իրերի ցանկը, եթե դրանք ուղարկվում են մահացածի մարմնի (աճյունի) հետ միասին:

Մաքսային միության մաքսային տարածք մահացածների աճյունով (մոխրով) աճյունասափորների և մարմիններով (մասունքներով) դագաղների ներս բերման դեպքում ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

ուղարկող երկրի լիազորված հիմնարկության կողմից տրված մահվան վկայականը կամ մահվան փաստը հավաստող բժշկական վկայականը կամ այդ փաստաթղթերի պատճենները.

ցինկապատ դագաղների զոդակցման արարողակարգային ծառայություններ իրականացնող կազմակերպությունների կողմից ազատ ձևով շարադրված ակտը (տեղեկանքը)՝ նշումով, որ դրանցում բացակայում են կողմնակի իրերը՝ կցելով մահացածի իրերի և թանկարժեք իրերի ցանկը, եթե դրանք ուղարկվում են մահացածի մարմնի (աճյունի) հետ միասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։