Հոդված 344. Ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների նկատմամբ կատարվող գործողությունները
Հոդված 344. Ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների նկատմամբ կատարվող գործողությունները
1. Ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների նկատմամբ թույլատրվում է կատարել դրանց տեխնիկական սպասարկման կամ վերանորոգման հետ կապված ընթացիկ գործողություններ, որոնց իրականացման անհրաժեշտությունն առաջացել է Մաքսային միության մաքսային տարածքում դրանց ընթանալու կամ նշված տարածքում գտնվելու ժամանակ:
2. Մաքսային միության մաքսային տարածքում չի թույլատրվում՝
ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների օգտագործումը բեռների, ուղևորների և (կամ) ուղեբեռի փոխադրման համար, որը սկսում և ավարտվում է Մաքսային միության մաքսային տարածքում (սույն գլխում օգտագործման նպատակով, այսուհետ՝ ներքին փոխադրում Մաքսային միության մաքսային տարածքով).
ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների հանձնումն այլ անձանց, այդ թվում՝ վարձակալությամբ (ենթավարձակալությամբ)՝ բացառությամբ դրանք վերանորոգման, տեխնիկական սպասարկման, պահպանության համար հանձնելու կամ, միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցն անհապաղ կերպով արտահանելու միջոցով, դրանք՝ փոխադրման գործողություններն ավարտելու նպատակով հանձնելու դեպքերի:
Մաքսային միության մաքսային տարածքով ուղևորների փոխադրում իրականացնող միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների, ինչպես նաև ներքին փոխադրման համար բեռների և (կամ) ուղեբեռի փոխադրում իրականացնող կցորդների, կիսակցորդների, բեռնարկղերի (կոնտեյներների) և երկաթուղային շարժակազմի օգտագործման առանձնահատկությունները սահմանվում են Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրով:
(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)
3. Ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների օգտագործումը կամ դրանց հանձնումն այլ անձանց սույն գլխի 2-րդ կետի առաջին մասում նշված դեպքերում թույլատրվում է՝ պայմանով, որ այդ տրանսպորտային միջոցները ձևակերպվեն մաքսային ընթացակարգերով:
Եթե նշված գործողություններն իրականացվում են առանց ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցները մաքսային ընթացակարգերով ձևակերպելու, ապա վճարվում են մաքսատուրքեր, հարկեր ներմուծման մաքսատուրքերի, հարկերի գումարներին համարժեք գումարի չափով, որոնք վճարման ենթակա կլինեին միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվելու դեպքում՝ առանց հաշվի առնելու մաքսատուրքերի, հարկերի վճարման համար սահմանված սակագնային առանձնաշնորհումներն ու արտոնությունները, որոնք հաշվարկվում են տրանսպորտային միջոցի մասին մաքսային հայտարարագրի գրանցման օրվանից: Ընդ որում, մաքսատուրքերի, հարկերի վճարման ժամկետ է համարվում նշված գործողությունների իրականացման առաջին օրը, իսկ եթե այդ օրը որոշված չէ, ապա մաքսային մարմնի կողմից՝ տրանսպորտային միջոցի մասին մաքսային հայտարարագրի գրանցման օրը: