Հոդված 95. Մաքսային հսկողության իրականացումը
Հոդված 95. Մաքսային հսկողության իրականացումը
1. Մաքսային հսկողությունը մաքսային մարմինների կողմից իրականացվում է Մաքսային միության մաքսային օրենսդրությանը և Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան: Մաքսային մարմինների անունից մաքսային հսկողությունն իրականացվում է մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից, որոնք լիազորված են մաքսային հսկողություն իրականացնել իրենց պաշտոնեական (գործառութային) պարտականություններին համապատասխան:
2. Մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից իրականացվող մաքսային հսկողության ենթակա են՝
1) ապրանքները, այդ թվում՝ տրանսպորտային միջոցները, որոնք տեղափոխվում են մաքսային սահմանով և (կամ) ենթակա են հայտարարագրման սույն Օրենսգրքին համապատասխան.
2) մաքսային հայտարարագրերը, ապրանքների վերաբերյալ փաստաթղթերը և տվյալները, որոնց ներկայացումը նախատեսված է Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ.
3) անձանց գործունեությունը, որը կապված է մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման, մաքսային գործի բնագավառում ծառայությունների մատուցման հետ, ինչպես նաև իրականացվում է առանձին մաքսային ընթացակարգերի շրջանակներում.
4) անձինք, որոնք հատում են մաքսային սահմանը:
3. Մաքսային հսկողությունն իրականացվում է մաքսային հսկողության գոտում, ինչպես նաև մաքսային մարմինների կողմից սահմանվող այլ վայրերում, որտեղ գտնվում են ապրանքներ, տրանսպորտային միջոցներ և դրանց վերաբերյալ տվյալներ պարունակող փաստաթղթեր, այդ թվում՝ էլեկտրոնային: