Հոդված 314. Միջազգային փոստային առաքանիներով առաքվող ապրանքների հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման առանձնահատկությունները
Հոդված 314. Միջազգային փոստային առաքանիներով առաքվող ապրանքների հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման առանձնահատկությունները
1. Միջազգային փոստային առաքանիներով առաքվող ապրանքների հետ կապված մաքսային գործառնություններն իրականացվում են մաքսային մարմնի կողմից միջազգային փոստափոխանակման վայրերում (հիմնարկություններում) կամ մաքսային մարմնի կողմից սահմանված այլ վայրերում:
Միջազգային փոստափոխանակման վայրերը (հիմնարկությունները) սահմանվում են Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:
2. Միջազգային փոստային առաքանիներով առաքվող ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է Համաշխարհային փոստային միության ակտերով նախատեսված՝ միջազգային փոստային առաքանիներին կից ներկայացվող փաստաթղթերի կամ ապրանքների մասին հայտարարագրերի օգտագործմամբ:
3. Միջազգային փոստային առաքանիներով առաքվող ապրանքները, բացառությամբ ֆիզիկական անձանց կողմից առաքվող անձնական օգտագործման ապրանքների, ենթակա են մաքսային հայտարարագրման՝ ապրանքների մասին հայտարարագրերի օգտագործմամբ այն դեպքերում, երբ.
1) պետք է վճարվեն մաքսատուրքեր, հարկեր.
2) ապրանքների նկատմամբ կիրառվում են հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ և պահպանվում է արգելքների և սահմանափակումների կիրառումը.
3) Մաքսային միության մաքսային տարածքից ապրանքների փաստացի արտահանման մասին ապրանքներն ուղարկողի կողմից պետք է հաստատում ներկայացվի մաքսային և (կամ) հարկային մարմիններ.
4) ապրանքները ձևակերպվում են «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգից բացի որևէ այլ մաքսային ընթացակարգով:
4. Սույն հոդվածի 3-րդ կետում չնշված դեպքերում՝ մաքսային հայտարարագրումն իրականացվում է Համաշխարհային փոստային միության ակտերով նախատեսված՝ միջազգային փոստային առաքանիներին կից ներկայացվող և ապրանքների բացթողման համար անհրաժեշտ տեղեկություններ պարունակող փաստաթղթերի օգտագործմամբ՝ հայտագրված մաքսային ընթացակարգին համապատասխան:
5. Միջազգային փոստային առաքանիներով առաքվող՝ Մաքսային միության տարածքից արտահանվող ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է մինչև՝ փոստային կապի օպերատորի կողմից դրանց հանձնումը ուղարկման համար:
6. Ուղարկողին վերադարձնելու ենթակա ապրանքների մաքսային հայտարարագրումը, Համաշխարհային փոստային միության ակտերով սահմանված դեպքերում, իրականացվում է փոստային կապի օպերատորի կողմից՝ մաքսային մարմին ներկայացնելով գրավոր դիմում և Համաշխարհային փոստային միության ակտերով նախատեսված՝ միջազգային փոստային առաքանիներին կից ներկայացվող փաստաթղթերը: