Հոդված 359. Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների ժամանակավոր արտահանումը
Հոդված 359. Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների ժամանակավոր արտահանումը
1. Մաքսային միության անդամ պետությունների ֆիզիկական անձինք իրավունք ունեն Մաքսային միության մաքսային տարածքից ժամանակավոր արտահանել իրենց անձնական օգտագործման ապրանքները օտարերկրյա պետության տարածքում իրենց ժամանակավոր գտնվելու ժամկետով և դրանք հետ ներմուծել՝ առանց մաքսատուրքերի, հարկերի վճարումից:
2. Ֆիզիկական անձի կողմից ներկայացված դիմումի հիման վրա՝ մաքսային մարմինն իրականացնում է ժամանակավոր արտահանված անձնական օգտագործման ապրանքների նույնականացում, եթե այդպիսի նույնականացումը կարող է նպաստել դրանց հետադարձ ներմուծմանը՝ առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման: Ապրանքների նույնականացման մասին նշվում է ուղևորային մաքսային հայտարարագրում, որի մեկ օրինակը տրվում է ապրանքներն արտահանող ֆիզիկական անձին.
Նման նույնականացման չիրականացումը չի խոչընդոտում ֆիզիկական անձանց կողմից ժամանակավոր արտահանված անձնական օգտագործման ապրանքների հետադարձ ներմուծումը՝ առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման՝ պայմանով, որ մաքսային մարմնին հավաստիացվի, որ նախատեսվում է այդ ապրանքները հետ ներմուծել Մաքսային միության մաքսային տարածքից ժամանակավոր արտահանումից հետո՝ Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Ժամանակավոր արտահանված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների նկատմամբ թույլատրվում է իրականացնել տեխնիկական սպասարկման կամ վերանորոգման գործողություններ, որոնց անհրաժեշտությունը կարող է առաջանալ Մաքսային միության մաքսային տարածքի սահմաններից դուրս դրանց գտնվելու ժամանակ:
4. Ժամանակավոր արտահանված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի վերանորոգում իրականացնելու դեպքում՝ կապած տրանսպորտային միջոցի մասերի փոխարինման հետ, որոնք ենթակա են հաշվառման (գրանցման) համապատասխան պետական լիազորված մարմիններում, փոխարինված մասը ենթակա է մաքսային հայտարարագրման՝ բացառությամբ Մաքսային միության անդամ պետությունների քաղաքացիական օրենսդրությանը համապատասխան կնքված պայմանագրի պայմանների համաձայն երաշխիքային վերանորոգման կամ սպասարկման իրականացման դեպքերի կամ այնպիսի վերանորոգման իրականացման դեպքերի, որն անհրաժեշտ է վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով վնասվելուց հետո անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը վերականգնելու համար: