Հոդված 193. Ապրանքների նախնական մաքսային հայտարարագրումը
Հոդված 193. Ապրանքների նախնական մաքսային հայտարարագրումը
1. Օտարերկրյա ապրանքների համար մաքսային հայտարարագիր կարող է ներկայացվել նախքան Մաքսային միության մաքսային տարածք դրանց ներմուծումը:
2. Եթե մաքսային նպատակներով պետք է օգտագործվեն ապրանքներն ուղեկցող տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթեր կամ առևտրային փաստաթղթեր, ապա ապրանքների նախնական մաքսային հայտարարագրման ժամանակ մաքսային մարմինը հայտարարատուի կողմից հաստատված այդ փաստաթղթերի պատճենները կամ այդ փաստաթղթերից տեղեկություններն ընդունում է էլեկտրոնային եղանակով և ապրանքները մաքսային մարմին ներկայացնելուց հետո նշված փաստաթղթերի պատճեններում ներառված տեղեկությունները համադրում է բնօրինակ փաստաթղթերում, այդ թվում՝ էլեկտրոնային փաստաթղթերում ներառված տեղեկությունների հետ:
3. Նախնական մաքսային հայտարարագրման ժամանակ մաքսային հայտարարագրում կարող են չլինել այնպիսի տեղեկություններ, որոնք իրենց բնույթով չեն կարող հայտնի լինել հայտարարատուին մինչև Մաքսային միության մաքսային տարածք դրանք ներմուծելը և (կամ) մաքսային մարմին դրանք ներկայացնելը:
Այդպիսի տեղեկությունները պետք է ներառվեն մաքսային հայտարարագրում մինչև ապրանքների բացթողման մասին որոշման ընդունումը՝ Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ սահմանված կարգով:
4. Տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի կամ առևտրային փաստաթղթերի պատճենների հիման վրա նախկինում հայտագրված ցուցանիշներից տարբերվող՝ արժեքի, քանակի կամ քաշի ցուցանիշների փոփոխության դեպքում՝ պարտադիր կերպով ներկայացվում են արժեքի, քանակի կամ քաշի փոփոխությունը հաստատող փաստաթղթեր:
5. Եթե ապրանքները Մաքսային միության մաքսային տարածք ներմուծելուց հետո հայտարարատուի կողմից հայտնաբերվում է նախկինում հայտագրված ցուցանիշներից տարբերվող՝ արժեքի, քանակի կամ քաշի ցուցանիշների փոփոխություն, ապա հայտարարատուն իրավունք ունի չեղարկելու մաքսային հայտարարագիրը՝ սույն Օրենսգրքի 192-րդ հոդվածով նախատեսված կարգով:
6. Եթե ապրանքները չեն ներկայացվել մաքսային հայտարարագիրը գրանցած մաքսային մարմին կամ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված այլ մաքսային մարմին հայտարարագրի գրանցման օրվան հաջորդող օրվանից 30 (երեսուն) օրացուցային օրվա ընթացքում, կամ եթե այդ ժամկետի ընթացքում սահմանվել են արգելքներ ու սահմանափակումներ, մաքսային մարմինը մերժում է այդպիսի ապրանքների բացթողումը:
(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)