Հոդված 80. Մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության առաջացումը և դադարումը Մաքսատուրքերի, հարկերի չվճարման դեպքերը
Հոդված 80. Մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության առաջացումը և դադարումը Մաքսատուրքերի, հարկերի չվճարման դեպքերը
1. Մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը առաջանում է սույն Օրենսգրքի 81-րդ, 161-րդ, 166-րդ, 172-րդ, 197-րդ, 211-րդ, 214-րդ, 227-րդ, 228-րդ, 237-րդ, 250-րդ, 261-րդ, 274-րդ, 283-րդ, 290-րդ, 300-րդ, 306-րդ և 360-րդ հոդվածներին համապատասխան:
2. Մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը դադարում է՝
1) մաքսատուրքերի, հարկերի՝ սույն Օրենսգրքով սահմանված չափերով վճարման կամ բռնագանձման դեպքում.
2) ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում՝ մաքսատուրքերի, հարկերի վճարման գծով արտոնությունների տրամադրմամբ, որոնք զուգակցված չեն այդ ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման հետ կապված սահմանափակումներով.
3) վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով օտարերկրյա ապրանքների ոչնչացման (անվերադարձ կորստի) դեպքում.
4) եթե չվճարված մաքսատուրքերի, հարկերի գումարի չափը չի գերազանցում 5 (հինգ) եվրոյին համարժեք գումարը, որը հաշվարկվում է Մաքսային միության այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված՝ մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության առաջացման պահի դրությամբ գործող փոխարժեքներով, որի տարածքում առաջացել է մաքսատուրքեր, հարկեր վճարելու պարտավորությունը.
(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)
5) ապրանքները «հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում, եթե մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունն առաջացել է մինչև ապրանքներն այդ մաքսային ընթացակարգով ձևակերպելու մասին մաքսային հայտարարագրի գրանցումը.
6) ապրանքների՝ Մաքսային միության անդամ պետության սեփականությունը դառնալու դեպքում, Մաքսային միության այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.
7) ապրանքների վրա բռնագանձում տարածելու դեպքում, այդ թվում՝ ապրանքների արժեքի հաշվին՝ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.
8) հայտագրված մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողումը մերժելու դեպքում՝ կապված ապրանքներն այդ մաքսային ընթացակարգով ձևակերպելու մասին մաքսային հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած մաքսատուրքերի, հարկերի վճարման գծով պարտավորության հետ.
9) բռնագանձելու համար այն անհուսալի ճանաչվելու և դուրս գրվելու դեպքում՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող կարգով.
10) այնպիսի հանգամանքների առաջացման դեպքում, որոնք սույն Օրենսգրքով կապված են մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության դադարման հետ:
3. Մաքսատուրքերը, հարկերը չեն վճարվում՝
1) ապրանքներն այդպիսի վճար չնախատեսող մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում՝ համապատասխան մաքսային ընթացակարգի պայմանների պահպանման պայմանով.
2) բացառությամբ անձնական օգտագործման ապրանքների՝ մեկ առաքողի կողմից մեկ ստացողի հասցեով մեկ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթով ապրանքների ներմուծման դեպքում, որոնց ընդհանուր մաքսային արժեքը չի գերազանցում 200 (երկու հարյուր) եվրոյին համարժեք գումարը՝ հաշվարկված Մաքսային միության այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված՝ մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության առաջացման պահի դրությամբ գործող փոխարժեքներով, որի մաքսային մարմնի կողմից իրականացվում է այդ ապրանքների բացթողումը.
3) անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման ժամանակ՝ Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերում.
4) եթե սույն Օրենսգրքին, Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը և (կամ) միջազգային պայմանագրերին համապատասխան ապրանքներն ազատվում են մաքսատուրքերով, հարկերով հարկումից (ենթակա չեն մաքսատուրքերով, հարկերով հարկման) և այն պահանջների պահպանման դեպքում, որոնց կապակցությամբ տրամադրվել է այդ հարկազատումը:
4. Մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը առաջանում և դադարում է մաքսային ընթացակարգի սահմանման ժամանակ՝
1) սույն Օրենսգրքի 202-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան.
2) սույն Օրենսգրքի 202-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
(4-րդ կետը՝ 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)