Հոդված 115. Մաքսային տեսազննումը
Հոդված 115. Մաքսային տեսազննումը
1. Մաքսային տեսազննումը ապրանքների, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների, ֆիզիկական անձանց ուղեբեռի, ինչպես նաև բեռնային տարողությունների, մաքսային կապարակնիքների, կնիքների և նույնականացման այլ միջոցների արտաքին տեսողական զննումն է առանց տրանսպորտային միջոցները, ապրանքների փաթեթվածքը բացելու, առանց ստուգվող օբյեկտի և դրա այլ մասերի ապամոնտաժման և այլ կերպ ամբողջականության խախտման:
2. Մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից ապրանքների, այդ թվում՝ միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների, միջազգային փոստային առաքանիների և ֆիզիկական անձանց ուղեբեռի մաքսային տեսազննումն իրականացվում է մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների բնույթի, ծագման, վիճակի և քանակի վերաբերյալ տեղեկությունների, ապրանքների, տրանսպորտային միջոցների և դրանց բեռնային զետեղարանների վրա մաքսային կապարակնիքների, կնիքների և նույնականացման այլ կիրառված միջոցների առկայության վերաբերյալ տեղեկությունների հաստատումը ստանալու նպատակով:
3. Մաքսային հսկողության գոտում մաքսային տեսազննումը կարող է իրականացվել հայտարարատուի, ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձանց և նրանց ներկայացուցիչների բացակայության պայմաններում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նշված անձինք ցանկություն են հայտնում ներկա գտնվել մաքսային տեսազննման ժամանակ:
4. Մաքսային տեսազննումը կարող է իրականացվել տեխնիկական միջոցների կիրառմամբ, որոնք ապահովում են ստուգվող օբյեկտի ներքին կառուցվածքի վիզուալիզացիան և այլ կերպ տեղեկացնում այդ օբյեկտի առանձնահատուկ ֆիզիկական հատկանիշների առկայության մասին:
5. Մաքսային տեսազննման արդյունքներով մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից կազմվում է ակտ՝ Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ սահմանված ձևով, եթե այդ տեսազննման արդյունքներն օգտագործվելու են մաքսային նպատակներով:
Ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձի պահանջով մաքսային մարմնի պաշտոնատար անձինք պարտավոր են ակտ կազմել կամ մաքսային տեսազննման իրականացման փաստի մասին նշում կատարել տրանսպորտային (փոխադրման), առևտրային կամ մաքսային փաստաթղթի վրա:
Մաքսային տեսազննման անցկացման վերաբերյալ ակտի երկրորդ օրինակը տրվում է ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձին: