Հոդված 116. Մաքսային զննումը
Հոդված 116. Մաքսային զննումը
1. Մաքսային զննումը մաքսային մարմինների պաշտոնատար անձանց գործողություններն են, որոնք կապված են ապրանքների փաթեթվածքի կամ տրանսպորտային միջոցի բեռնային զետեղարանի կամ տարողությունների, կոնտեյներների և այլ վայրերի բացման հետ, որտեղ գտնվում են կամ կարող են գտնվել ապրանքները՝ դրանց վրա դրված մաքսային կապարակնիքների կամ նույնականացման այլ միջոցների խախտմամբ, ստուգվող օբյեկտների և դրանց այլ մասերի կազմատմամբ, ապամոնտաժմամբ կամ այլ կերպ ամբողջականության խախտմամբ:
2. Մաքսային մարմնի՝ մաքսային զննում իրականացնելու համար լիազորված պաշտոնատար անձը մաքսային զննման անցկացման վայրի և ժամանակի մասին տեղեկացնում է հայտարարատուին կամ ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձին, եթե այդ անձինք հայտնի են: Մաքսային զննումը սկսելու ժամանակը որոշելիս պետք է հաշվի առնվեն այդ անձանց ժամանման ողջամիտ ժամկետները:
(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)
Հայտարարատուն, ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձինք և նրանց ներկայացուցիչներն իրավունք ունեն սեփական նախաձեռնությամբ ներկա գտնվելու մաքսային զննմանը՝ բացառությամբ սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված դեպքի:
3. Շինությունների և տարածքների մաքսային տեսազննման ժամանակ և (կամ) արտագնա մաքսային ստուգման ժամանակ իրականացվող մաքսային զննումը կարող է իրականացվել առանց մաքսային հսկողության գոտու ստեղծման:
4. Մաքսային մարմնի պաշտոնատար անձանց պահանջով հայտարարատուն կամ ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձինք և նրանց ներկայացուցիչները պարտավոր են ներկա գտնվել մաքսային զննմանը և անհրաժեշտ օժանդակություն տրամադրել մաքսային մարմնի պաշտոնատար անձանց: Փոխադրողի կողմից հատուկ լիազորված ներկայացուցչի բացակայության դեպքում այդպիսին համարվում է տրանսպորտային միջոցը վարող ֆիզիկական անձը:
5. Հայտարարատուի, ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձանց և նրանց ներկայացուցիչների բացակայությամբ մաքսային մարմինն իրավունք ունի մաքսային զննում իրականացնելու՝
1) նշված անձանց չներկայանալու կամ այդ անձանց անհայտ լինելու դեպքում.
2) ազգային (պետական) անվտանգության, մարդու կյանքի և առողջության, կենդանիների, կենդանահամաճարակային իրավիճակի առաջացման, շրջակա միջավայրի, Մաքսային միության անդամ պետությունների ազգային մշակութային ժառանգության օբյեկտների պահպանման համար վտանգի առկայության դեպքում և հետաձգում չհանդուրժող այլ հանգամանքներում, այդ թվում՝ եթե նշաններ կան, որոնք վկայում են այն մասին որ ապրանքները դյուրաբոցավառ նյութեր, պայթյունավտանգ առարկաներ, պայթուցիկ, թունավորող, քիմիական և կենսաբանական վտանգավոր նյութեր, թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն), ուժեղ ազդեցություն ունեցող, թունավոր, տոքսիկ, ռադիոակտիվ, միջուկային նյութեր և նման այլ ապրանքներ են, եթե ապրանքներից տհաճ հոտ է տարածվում.
(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)
3) միջազգային փոստային առաքանիներով ապրանքների առաքման դեպքում.
4) Մաքսային միության մաքսային տարածքում այն ապրանքների կանգնեցման դեպքում, որոնց պարագայում առկա է դրանց արտահանումը նախատեսող մաքսային ընթացակարգի խախտում:
6. Սույն հոդվածի 5-րդ կետում նշված դեպքերում մաքսային զննումն իրականացվում է 2 (երկու) ընթերակաների ներկայությամբ:
7. Մաքսային զննման արդյունքներով կազմվում է մաքսային զննման ակտ՝ 2 (երկու) օրինակից, Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ սահմանված ձևով: Մաքսային զննման ակտում նշվում են հետևյալ տեղեկությունները՝
1) Մաքսային մարմնի՝ մաքսային զննումն իրականացրած պաշտոնատար անձանց մասին և դրա անցկացման ժամանակ ներկա գտնված անձանց մասին տվյալները.
2) մաքսային զննումը հայտարարատուի կամ ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձի բացակայությամբ մաքսային զննում անցկացնելու պատճառները.
3) մաքսային զննման արդյունքները.
4) ակտի ձևով նախատեսվող այլ տեղեկությունները:
8. Մաքսային զննման ակտի երկրորդ օրինակը տրվում (ուղարկվում) է ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձին կամ նրա ներկայացուցչին, եթե այդպիսին կա: