Հոդված 127. Սույն գլխում գործածվող եզրույթները
Հոդված 127. Սույն գլխում գործածվող եզրույթները
Սույն գլխում գործածվում են հետևյալ հիմնական եզրույթները և դրանց սահմանումները՝
1) ռիսկի վերլուծություն՝ մաքսային մարմինների տրամադրության տակ եղած տեղեկությունների պարբերական օգտագործում՝ ռիսկերի առաջացման հանգամանքները և պայմանները որոշելու, դրանք նույնականացնելու և Մաքսային միության մաքսային օրենսդրության դրույթների չպահպանման հնարավոր հետևանքները գնահատելու համար: Տարբերակվում է ռիսկերի երկու տեսակ՝ բացահայտված և հավանական.
2) բացահայտված ռիսկ՝ փաստ, որը վկայում է այն մասին, որ արդեն տեղի է ունեցել Մաքսային միության մաքսային օրենսդրության և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրության դրույթների խախտում, և մաքսային մարմիններն ունեն տվյալ փաստի վերաբերյալ տեղեկություններ.
3) ռիսկի ցուցիչներ՝ նախասահմանված բնորոշիչներ ունեցող որոշակի չափորոշիչներ, որոնցից շեղումը կամ որոնց հետ համապատասխանությունը թույլ է տալիս իրականացնել հսկողության ենթակա օբյեկտի ընտրություն.
4) հավանական ռիսկ՝ ռիսկ, որը դեռևս չի բացահայտվել, սակայն առկա են դրա առաջացման պայմանները.
5) ռիսկի պրոֆիլ՝ ռիսկի ոլորտի, ռիսկի ցուցիչների վերաբերյալ տեղեկությունների ամբողջություն, ինչպես նաև ռիսկերի կանխարգելմանը կամ նվազեցմանն ուղղված անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու մասին հրահանգչական ցուցումներ.
6) ռիսկի ոլորտ՝ ռիսկի վերլուծության առանձին խմբավորված օբյեկտներ, որոնց նկատմամբ անհրաժեշտ է կիրառել մաքսային հսկողության առանձին ձևեր կամ դրանք ամբողջությամբ, ինչպես նաև բարձրացնել մաքսային վարչարարության արդյունավետությունը.
7) ռիսկի գնահատում՝ ռիսկի առաջացման հավանականության և դրա առաջացման դեպքում՝ Մաքսային միության մաքսային օրենսդրության խախտումների հետևանքների պարբերական որոշում.
8) ռիսկ՝ Մաքսային միության մաքսային օրենսդրության և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրության չպահպանման հավանականության աստիճան.
9) քողարկող ապրանքներ՝ ապրանքներ, որոնք հավանականության բավարար աստիճանով կարող են հայտարարագրվել ռիսկային ապրանքների փոխարեն.
10) ռիսկային ապրանքներ՝ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքներ, որոնց առնչությամբ կան բացահայտված ռիսկեր կամ առկա են հավանական ռիսկեր.
11) ռիսկի կառավարում՝ պարբերական աշխատանք՝ կապված ռիսկերի կանխարգելմանը և նվազեցմանն ուղղված միջոցառումների մշակման և գործնականում իրականացման, դրանց կիրառության արդյունավետության գնահատման, ինչպես նաև մաքսային գործառնությունների իրականացման նկատմամբ հսկողության հետ, որը ենթադրում է մաքսային մարմինների տրամադրության տակ գտնվող տեղեկությունների անընդհատ թարմացում, վերլուծություն և վերանայում.
12) ռիսկի մակարդակ՝ որոշվում է ըստ ռիսկի առաջացման հավանականության և ռիսկի հնարավոր հետևանքների: