Հոդված 132. Արտագնա մաքսային ստուգում
Հոդված 132. Արտագնա մաքսային ստուգում
1. Արտագնա մաքսային ստուգումը մաքսային մարմնի կողմից իրականացվում է իրավաբանական անձի գտնվելու վայր, անհատ ձեռնարկատերի գործունեության իրականացման վայր և (կամ) նրանց գործունեության փաստացի իրականացման վայր այցելության ձևով (այսուհետ՝ ստուգման ենթակա անձի օբյեկտներ):
2. Արտագնա մաքսային ստուգումը կարող է լինել պլանային կամ արտապլանային:
Պլանային արտագնա մաքսային ստուգումն իրականացվում է մաքսային մարմինների կողմից մշակվող ստուգումների ծրագրով:
3. Արտագնա մաքսային ստուգումն անցկացվում է որոշման (կարգադրագրի, ստուգում նշանակելու մասին ակտի) հիման վրա, որի ձևը սահմանվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:
4. Արտապլանային արտագնա մաքսային ստուգումներ նշանակելու համար հիմքեր են համարվում՝
1) Մաքսային միության անդամ պետության մաքսային մարմինների և պետական հսկողության (վերահսկողության) մարմինների տվյալների բազաներում ներառված տեղեկությունների վերլուծության արդյունքում ստացված տվյալները, որոնք վկայում են Մաքսային միության մաքսային օրենսդրության և Մաքսային միության անդամ պետությունների այլ օրենսդրության հնարավոր խախտման մասին.
2) տվյալներ, որոնք վկայում են Մաքսային միության մաքսային օրենսդրության և Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրության պահանջների հնարավոր խախտման մասին.
3) անձի, այդ թվում՝ մաքսային գործի ոլորտում գործունեություն իրականացնող անձի դիմումը լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ստանալու համար.
4) արտագնա մաքսային հանդիպակաց ստուգում անցկացնելու անհրաժեշտությունը սույն հոդվածի 6-րդ կետին համապատասխան.
5) օտարերկրյա պետության իրավասու մարմնի դիմումը (հարցումը) օտարերկրյա կազմակերպության հետ արտաքին տնտեսական գործարքներ կատարած անձի նկատմամբ ստուգում անցկացնելու մասին.
6) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված այլ հիմքեր:
5. Արտագնա մաքսային ստուգում կարող է նշանակվել մաքսային հսկողության այլ ձևերի կիրառման արդյունքների, ինչպես նաև ներքին մաքսային ստուգման արդյունքների հիման վրա:
6. Ստուգման ենթակա անձի կողմից ներկայացված տվյալների հավաստիությունը հաստատելու անհրաժեշտության դեպքում մաքսային մարմինը կարող է արտագնա մաքսային հանդիպակաց ստուգում իրականացնել այն անձանց նկատմամբ, որոնք ստուգման ենթակա անձի հետ կապված են ապրանքների հետ կապված գործարքներով (գործառնություններով):
Արտագնա մաքսային հանդիպակաց ստուգումը արտապլանային ստուգում է:
7. Ստուգման ենթակա միևնույն անձի նկատմամբ պլանային արտագնա մաքսային ստուգումներ իրականացվում են տարին առավելագույնը 1 (մեկ) անգամ:
Լիազորված տնտեսական օպերատորի նկատմամբ պլանային արտագնա մաքսային ստուգումներ իրականացվում են մաքսային մարմինների կողմից 3 (երեք) տարին 1 (մեկ) անգամ:
Արտապլանային արտագնա մաքսային ստուգումներն իրականացվում են առանց դրանք անցկացնելու պարբերականության սահմանափակումների:
8. Պլանային արտագնա մաքսային ստուգման համար ստուգման ենթակա անձանց ընտրությունը կատարվում է՝ օգտագործելով այն տեղեկությունները, որոնք ստացվում են՝
1) մաքսային մարմինների տեղեկատվական ռեսուրսներից.
2) նախորդ ստուգումների, այդ թվում՝ ներքին ստուգումների արդյունքների հիման վրա.
3) պետական մարմիններից.
4) առանձին տեսակների բանկային գործարքներ իրականացնող բանկերից և կազմակերպություններից.
5) Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմիններից և (կամ) պետական հսկիչ այլ մարմիններից.
6) զանգվածային լրատվամիջոցներից.
7) այլ աղբյուրներից՝ պաշտոնական ուղիներով:
9. Նախքան պլանային արտագնա մաքսային ստուգում սկսելը մաքսային մարմինները ստուգման ենթակա անձին պատվիրված փոստով (հանձնելու մասին ծանուցմամբ) ուղարկում են պլանային արտագնա մաքսային ստուգում անցկացնելու մասին ծանուցում կամ այդ ծանուցումը փոխանցում են այլ եղանակով, որը տալիս է դա ստանալու փաստը հաստատելու հնարավորություն:
Գտնվելու վայրից ստուգման ենթակա անձի բացակայության պատճառով նամակը հասցեատիրոջը չհանձնելու մասին վկայող նշումով փոստային առաքանին վերադարձնելը հիմք չէ պլանային արտագնա մաքսային ստուգումը չեղյալ հայտարարելու համար:
(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)
Պլանային արտագնա մաքսային ստուգումը կարող է մեկնարկել ստուգման ենթակա անձի կողմից ծանուցումն ստանալու օրվանից կամ հասցեատիրոջը նամակը չհանձնելու մասին նշումով փոստային առաքանին մաքսային մարմնում մուտքագրվելու օրվանից ոչ շուտ, քան 15 (տասնհինգ) օրացուցային օր հետո:
(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)
10. Արտագնա մաքսային ստուգումն սկսելու օր է համարվում մաքսային ստուգում անցկացնելու մասին (ստուգում նշանակելու մասին ակտի) որոշման (կարգադրագրի) պատճենը ստուգման ենթակա անձին հանձնելու ամսաթիվը:
Մաքսային ստուգում անցկացնելու մասին (ստուգում նշանակելու մասին ակտի) որոշման (կարգադրարի) պատճենը ստուգման ենթակա անձին հանձնվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից կամ ուղարկվում է պատվիրված փոստով (հանձնման մասին ծանուցմամբ):
Որոշման (կարգադրագրի, ստուգում նշանակելու մասին ակտի) պատճենի հանձնման պահին ստուգման ենթակա անձի ղեկավարը կամ նրա ներկայացուցիչը որոշման (կարգադրագրի, ստուգում նշանակելու մասին ակտի) բնօրինակի վրա նշում է կատարում ծանուցված լինելու, ինչպես նաև որոշման (կարգադրագրի, ստուգում նշանակելու մասին ակտի) պատճենի ստացման ամսաթվի և ժամի մասին:
Որոշման (կարգադրագրի, ստուգում նշանակելու մասին ակտի) պատճենը ստանալուց հրաժարվելու դեպքում՝ մաքսային մարմնի պաշտոնատար անձը դրա մասին համապատասխան գրառում է կատարում որոշման (կարգադրագրի, ստուգում նշանակելու մասին ակտի) մեջ:
Ստուգման ենթակա անձի կողմից մաքսային ստուգում անցկացնելու (ստուգում նշանակելու մասին ակտի) մասին որոշման (կարգադրագրի) պատճենը ստանալուց հրաժարվելը, ինչպես նաև գտնվելու վայրից ստուգման ենթակա անձի բացակայության պատճառով նամակը հասցեատիրոջը չհանձնելու մասին վկայող նշումով փոստային առաքանին վերադարձնելը հիմք չի հանդիսանում արտագնա մաքսային ստուգումը չեղյալ հայտարարելու համար: Այդ դեպքում ստուգման մեկնարկի ամսաթիվ է համարվում որոշման (կարգադրագրի, ստուգում նշանակելու մասին ակտի) մեջ որոշման (կարգադրագրի, ստուգում նշանակելու մասին ակտի) օրինակը ստանալուց հրաժարվելու մասին գրառման ամսաթիվը կամ հասցեատիրոջը նամակը չհանձնելու մասին նշումով փոստային առաքանին մաքսային մարմնում մուտքագրվելու ամսաթիվը:
(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)
Նախքան ստուգման ենթակա անձի օբյեկտում արտագնա մաքսային ստուգում սկսելը մաքսային մարմնի պաշտոնատար անձինք պարտավոր են ստուգման ենթակա անձի ղեկավարին կամ նրա ներկայացուցչին ներկայացնել իրենց ծառայողական վկայականները:
11. Արտագնա մաքսային ստուգման ընթացքում ստուգման ենթակա անձն իրավունք չունի փոփոխություններ և լրացումներ կատարելու իր գործունեությանն առնչվող ստուգվող փաստաթղթերում:
12. Արտագնա մաքսային ստուգման ժամկետը չպետք է գերազանցի 2 (երկու) ամիսը: Նշված ժամկետը չի ընդգրկում ստուգման ենթակա անձին փաստաթղթեր և տեղեկություններ ներկայացնելու մասին պահանջագիրը հանձնելու ամսաթվի և այդ փաստաթղթերն ու տեղեկությունները ստանալու ամսաթվի միջև ընկած ժամականահատվածը:
Արտագնա մաքսային ստուգման ժամկետը կարող է երկարաձգվել 1 (մեկ) ամսով՝ ստուգումն իրականացնող մաքսային մարմնի որոշմամբ:
Ուսումնասիրություններ կամ փորձաքննություններ անցկացնելու, Մաքսային միության անդամ պետությունների կամ օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններ հարցումներ ուղարկելու, արտագնա մաքսային ստուգումն անցկացնելու համար ստուգման ենթակա անձի կողմից անհրաժեշտ փաստաթղթերի վերահաստատման, ստուգման տվյալ ժամանակահատվածին առնչվող և արտագնա մաքսային ստուգման արդյունքների հիման վրա կազմվող եզրահանգումների վրա ազդող լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության դեպքում արտագնա մաքսային ստուգումը կարող է կասեցվել մաքսային մարմնի ղեկավարի (պետի) կամ նրա կողմից լիազորված անձի որոշմամբ՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան: Այդպիսի կասեցման ժամկետն ու կարգը սահմանվում են Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:
(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)
Արտագնա մաքսային ստուգում անցկացնելու մասին (ստուգում նշանակելու մասին ակտի) որոշման (կարգադրագրի) մեջ համապատասխան գրառումներ են կատարվում արտագնա մաքսային ստուգման ժամկետի երկարաձգման, ինչպես նաև դրա կասեցման մասին, ինչի մասին ծանուցվում է ստուգման ենթակա անձը:
13. Արտագնա մաքսային ստուգման ավարտի ամսաթիվ է համարվում մաքսային ստուգման արդյունքների հիման վրա ձևակերպված փաստաթղթի կազմման ամսաթիվը. փաստաթուղթը պատրաստվում է (2) երկու օրինակից և ստորագրվում է արտագնա մաքսային ստուգում իրականացրած մաքսային մարմնի պաշտոնատար անձանց կողմից:
Այդպիսի փաստաթղթի առաջին օրինակը կցվում է արտագնա մաքսային ստուգման նյութերին, իսկ երկրորդ օրինակը արտագնա մաքսային ստուգման ավարտից ոչ ուշ, քան 5 (հինգ) օր հետո հանձնվում է ստուգման ենթակա անձին կամ ուղարկվում է պատվիրված փոստով (հանձնման մասին ծանուցմամբ):