Հոդված 144. Ապրանքների փորձանմուշները և նմուշները
Հոդված 144. Ապրանքների փորձանմուշները և նմուշները
1. Մաքսային մարմինների պաշտոնատար անձինք մաքսային փորձաքննություն իրականացնելու համար կատարում են ապրանքների փորձանմուշների ու նմուշների ընտրություն Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով:
(առաջին մասը՝ 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)
Եթե անհրաժեշտ է օգտագործել հատուկ մասնագիտական գիտելիքներ և կիրառել տեխնիկական միջոցներ, ապա ապրանքների փորձանմուշների ու նմուշների ընտրությունը կատարվում է մաքսային փորձագետի (փորձագետի) մասնակցությամբ:
2. Ապրանքների փորձանմուշների ու նմուշների ընտրությունը կատարվում է դրանց հետազոտության համար անհրաժեշտ նվազագույն քանակությամբ: Ապրանքների փորձանմուշների ու նմուշների ընտրության մասին կազմվում է ակտ՝ 2 (երկու) օրինակից, Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ սահմանված ձևով:
Ակտի երկրորդ օրինակը հանձնվում է (ուղարկվում է) հայտարարատուին, ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձի կամ նրանց ներկայացուցիչներին, եթե այդպիսիք սահմանված են:
3. Հայտարարատուն, ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձը կամ նրանց ներկայացուցիչները մասնակցում են մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից կատարվող փորձանմուշների ու նմուշների ընտրությանը: Նշված անձինք պարտավոր են աջակցություն ցուցաբերել մաքսային մարմինների պաշտոնատար անձանց ապրանքների փորձանմուշների ու նմուշների ընտրության ժամանակ, այդ թվում՝ իրենց հաշվին իրականացնել անհրաժեշտ բեռնային և այլ գործողություններ:
Մաքսային մարմինները կարող են կատարել ապրանքների փորձանմուշների ու նմուշների ընտրություն հայտարարատուի, ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձի կամ նրանց ներկայացուցիչների բացակայությամբ՝ սույն Օրենսգրքի 116(5) հոդվածով նախատեսված դեպքերում:
(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)
Այդ դեպքերում ապրանքների փորձանմուշների ու նմուշների ընտրությունը կատարվում է 2 (երկու) ընթերակաների ներկայությամբ:
4. Մաքսային մարմինը չի փոխհատուցում ապրանքների փորձանմուշների ու նմուշների ընտրության հետևանքով հայտարարատուի, ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձի կամ նրանց ներկայացուցիչների համար առաջացած ծախսերը:
5. Մաքսային փորձաքննության ավարտից հետո ապրանքների փորձանմուշներն ու նմուշները վերադարձվում են հայտարարատուին, ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձի կամ նրանց ներկայացուցիչներին կամ մաքսային փորձաքննություն նշանակած մաքսային մարմին, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի փորձանմուշներն ու նմուշները ենթակա են ոչնչացման կամ վերամշակման՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան: