Հոդված 150. Մաքսային սահմանով ապրանքների տեղափոխումը
Հոդված 150. Մաքսային սահմանով ապրանքների տեղափոխումը
1. Բոլոր անձինք հավասար հիմունքներով իրավունք ունեն մաքսային տարածքով տեղափոխելու ապրանքներ՝ պահպանելով Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ և Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված դրույթները:
2. Մաքսային սահմանով ապրանքների տեղափոխումն իրականացվում է Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ապրանքների առանձին կատեգորիաների, այդ թվում՝ անձնական օգտագործման պատկանելիքների, իրերի, միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների համար սույն Օրենսգրքով և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերով սահմանված են մաքսային սահմանով դրանց տեղափոխման առանձնահատկությունները:
3. Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները ենթակա են մաքսային հսկողության՝ Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ և Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով:
Մաքսային հսկողություն իրականացնելիս մաքսային մարմինները և դրանց պաշտոնատար անձինք իրավունք չունեն սահմանելու այնպիսի պահանջներ և սահմանափակումներ, որոնք նախատեսված չեն Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ և Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ:
4. Տարերային աղետների, բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման համար անհրաժեշտ ապրանքներ, խաղաղության պահպանմանն ուղղված գործողությունների իրականացման կամ վարժանքների անցկացման համար անհրաժեշտ ռազմական նշանակության արտադրանք, ինչպես նաև արագ փչացող ապրանքներ, կենդանի կենդանիներ, ռադիոակտիվ նյութեր, պայթունավտանգ նյութեր, միջազգային փոստային առաքանիներ, էքսպրես բեռներ, մարդասիրական ու տեխնիկական օգնություն, զանգվածային լրատվական միջոցների համար հաղորդումներ ու նյութեր և այլ նման ապրանքներ Մաքսային միության մաքսային տարածքով ներմուծելիս և այդ տարածքից դրանք արտահանելիս մաքսային հայտարարագիր ներկայացնելուն նախորդող մաքսային գործառնություններն իրականացվում են առաջնահերթ կարգով: