Հոդված 163. Մեկնման վայրերում իրականացվող մաքսային գործառնությունները
Հոդված 163. Մեկնման վայրերում իրականացվող մաքսային գործառնությունները
1. Մաքսային միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման համար փոխադրողը պարտավոր է մաքսային մարմին ներկայացնել մաքսային հայտարարագիր կամ Մաքսային միության մաքսային տարածքից դրանց արտահանումը թույլատրող այլ փաստաթուղթ, ինչպես նաև սույն Օրենսգրքի 159-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթեր ու տեղեկություններ՝ կախված ապրանքների փոխադրումն իրականացնող տրանսպորտային միջոցի տեսակից, եթե այլ բան սահմանված չէ սույն Օրենսգրքով:
Անկախ փոխադրումն իրականացնող տրանսպորտային միջոցի տեսակից, Մաքսային միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման համար մաքսային մարմին են ներկայացվում արգելքների ու սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթեր՝ սույն Օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան:
Մաքսային միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման համար չի ներկայացվում մաքսային հայտարարագիր կամ Մաքսային միության մաքսային տարածքից դրանց արտահանումը թույլատրող այլ փաստաթուղթ, եթե այդ ապրանքները Մաքսային միության մաքսային տարածք ժամանելուց հետո դուրս չեն բերվել մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերից:
2. Փոխադրողն իրավունք ունի փաստաթղթերը ներկայացնելու էլեկտրոնային եղանակով:
3. Փոխադրողի անունից փաստաթղթերը կարող են ներկայացվել մաքսային ներկայացուցիչների կամ փոխադրողի հանձնարարությամբ գործող այլ անձանց կողմից, եթե դա թույլատրվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
4. Մաքսային միության մաքսային տարածքից ապրանքների մեկնումը կարելի է իրականացնել մաքսային մարմնի թույլտվությամբ:
(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)
Մաքսային միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման համար մաքսային մարմնի թույլտվությունը ձևակերպվում է մաքսային հայտարարագրի կամ Մաքսային միության մաքսային տարածքից ապրանքների արտահանումը թույլատրող այլ փաստաթղթի, ինչպես նաև տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի վրա մաքսային մարմնի համապատասխան նշումներ կատարելու միջոցով: