Հոդված 190. Մաքսային հայտարարագիր ներկայացնելը և դրա գրանցումը
Հոդված 190. Մաքսային հայտարարագիր ներկայացնելը և դրա գրանցումը
1. Մաքսային հայտարարագիրը հայտարարատուի կամ մաքսային ներկայացուցչի կողմից ներկայացվում է այն մաքսային մարմին, որը Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան իրավասու է կատարել մաքսային հայտարարագրերի գրանցում:
2. Մաքսային հայտարարագրի, դրա էլեկտրոնային պատճենի և անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ամսաթիվը և ժամը արձանագրվում է մաքսային մարմնի կողմից, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ:
3. Մաքսային մարմինն իրականացնում է մաքսային հայտարարագրի գրանցում կամ մերժում է դրա գրանցումը մաքսային հայտարարագիրը ներկայացնելու պահից առավելագույնը 2 (երկու) ժամվա ընթացքում՝ Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ սահմանված կարգով:
4. Մաքսային մարմինը մերժում է մաքսային հայտարարագրի գրանցումը, եթե՝
1) մաքսային հայտարարագիրը ներկայացվել է մաքսային հայտարարագրերի գրանցման լիազորություն չունեցող մաքսային մարմին,
2) մաքսային հայտարարագիրը ներկայացվել է չլիազորված անձի կողմից,
3) մաքսային հայտարարագրում նշված չեն սույն Օրենսգրքի 180-182-րդ հոդվածներով նախատեսված՝ անհրաժեշտ տեղեկություններ,
4) մաքսային հայտարարագիրը ստորագրված կամ հաստատված չէ պատշաճ ձևով կամ կազմված չէ սահմանված ձևով,
5) հայտարարագրվող ապրանքների նկատմամբ չեն կատարվել այն գործողությունները, որոնք սույն Օրենսգրքին համապատասխան պետք է կատարվեն մինչև մաքսային հայտարարագիրը ներկայացնելը կամ դրա հետ միաժամանակ:
5. Մաքսային հայտարարագրի գրանցման մերժումը գրավոր ձևակերպվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից՝ նշելով մերժման պատճառը:
Մաքսային հայտարարագրի գրանցումը մերժելու դեպքում մաքսային հայտարարագիրը և ներկայացված փաստաթղթերը վերադարձվում են հայտարարատուին կամ մաքսային ներկայացուցչին:
6. Եթե մաքսային հայտարարագիրը չի գրանցվել մաքսային մարմնում, ապա այդպիսի հայտարարագիրը համարվում է մաքսային նպատակներով չներկայացված:
7. Գրանցման պահից մաքսային հայտարարագիրը դառնում է իրավական նշանակություն ունեցող փաստերի մասին վկայող փաստաթուղթ:
8. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի դրույթները չեն կիրառվում «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ: